Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ պանելային քննարկմանն Ալիևը կեղծ պատմական տեղեկություններ փորձեց հաղորդել հավաքվածներին՝ ներկայացնելով, թե իբր Արցախը, Երևանը և այլ ադրբեջանական տարածքներ են եղել։
Սրան պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա Ալիևին խնդրեց այդքան հեռու չգնալ և բացատրեց, որ երբ Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեացի զորավար Պոմպեյի հետ, այդ ժամանակ աշխարհում որևէ տեղ Ադրբեջան անունով որևէ պետություն չկար։ Փաշինյանն ասաց, որ եթե հեռուն գնան, ապա ինքը կարող է ավելի հեռվից գալ, բայց դա ճիշտ մոտեցում չի համարում։
Ինչ վերաբերում է Արցախի պետականությանը, Փաշինյանն ասաց, որ համաձայն չէ Ալիևի հնչեցրած հայտարարությունների հետ։ Փաշինյանն ասաց, որ Իոսիֆ Ստալինի անձնական որոշման հետևանքն է եղել, որ Արցախը հանձնվել է Ադրբեջանին։
– Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, այն միայն դրվել է Խորհրդային Ադրբեջանի տարածքի մեջ, – ասաց Փաշինյանը։
Վարչապետն ասաց, որ Լեռնային Ղարաբաղը ԽՍՀՄ կազմից դուրս է եկել այնպես, ինչպես դուրս է եկել Ադրբեջանը։