Հարցի պատասխանը գրված է Սահմանադրության մեջ։

Սահմանադրության 169–րդ հոդվածում նշված են այն սուբյեկտները, որոնք կարող են դիմել ՍԴ։

Մայր օրենքը կոնկրետ դեպքերի համար կոնկրետ դիմող կողմ է սահմանել։

Նշված հոդվածի 8–րդ կետի համաձայն՝ ՍԴ կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Ահա այս կետի հետ կապված է Փաշինյանին գրպանային ՍԴ պետք։ Նա կապիտալի սկզբնական կուտակման, սեփականության լայնամասշտաբ վերաբաշխման ու բիզնեսի կենտրոնացման քաղաքականություն է նախատեսել՝ թաքնվելով թալանի դեմ պայքարի, կուլակաթափության և աղքատներին հարստությունը բաժանելու բոլշևիկյան լոզունգների տակ։

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձմանը, բանկային գաղտնիքի վերացմանն ուղղված և նմանատիպ այլ օրինագծերը փաշինյանական տնտեսաքաղաքական օլիգարխիա ձևավորելու նպատակ են հետապնդում։

Եթե այդ ծրագիրը կյանքի կոչվի, ապա տուժելու են բոլորը՝ խոշոր սեփականատերերից մինչև շարքային «Պողոս»։ Ինչպես որ բոլշևիկյան կուլակաթափությունը սկսվեց ցարականների ու խոշոր բուրժուազիայի դեմ պայքարի կոչով, բայց վերջում ունեզրկվեցին բոլորը՝ բուրժուայից մինչև 2 կով ունեցող ռուս մուժիկ՝ իրենց «Պողոսը»։

ՍԴ–ում կարող են վիճարկման առարկա դառնալ սեփականության վերաբաշխմանն ու նիկոլական «օրենքով» թալանին նպաստող օրինագծերը։ Կարող է վիճարկվել այն ակտի սահմանադրականությունը, որի միջոցով խախտվելու են բոլորի մասնավոր սեփականության իրավունքները։

Փաշինյանը փողն ուզում է ամբողջությամբ իր ձեռքը վերցնել և «օրինականացնել» թալանն ու օլիգարխիկ իշխանությունը։ Այ հենց դրա համար էլ նա ուզում է դրածո ՍԴ ունենալ, որ սեփականության վերաբաշխման համար պայքարում գործիք ունենա իր ձեռքում։

Ներկա ՍԴ կազմը, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չի կարող փաշինյանական օլիգարխիա ձևավորելու գործիք դառնալ։ Դա է պատճառը, որ գործը հասավ հանրաքվեի։

Նիկոլ Փաշինյանն իրականում հանրաքվեի է դրել հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք արդյոք, որ Նիկոլ Փաշինյանը ստանա անսահմանափակ այլասերված իշխանություն, ստեղծի ֆյուրերիկական համակարգ և ամբողջ փողը վերցնի իր ձեռքը՝ անունը դնելով պայքար կոռուպցիայի դեմ»։ Պատասխանն ակնհայտ է։ Պետք է Ո՛Չ ասել ՀՀ անվտանգության ու տնտեսական զարգացման դեմ անցկացվող հանրաքվեին։

Հանրաքվեն պետք է վերածել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու քաղաքական գործընթացի։

Հ.Գ.։ ՍԴ–ն գրավելու այլ մոտիվացիաներ էլ կան, բնականաբար։

Նախ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված զարգացումները չեն շրջանցելու ՍԴ–ն։ Դա արդեն հերիք է, որ Փաշինյանը գիշերը չքնի։ Ապա նաև Ստամբուլյան կոնվենցիան, որը Փաշինյանի համար եվրոպական կառույցների հետ առևտրի լայն դաշտ է բացում. ՍԴ ներկա կազմը կարող է խափանել այդ առևտրային գործընթացը։

Փաշինյանը բազմիցս խոսել է այն մասին, որ Ղարաբաղի հարցը հանրաքվեի կարող է դնել։ Դա պատասխանատվությունից խուսափելու ամենաստոր դրսևորումներից կարող է լինել։ Այստեղ էլ նա չի կարող շրջանցել ՍԴ–ն։ Իրեն, հետևաբար, բացի ամենից նաև քիրվայական մտածողության ՍԴ է պետք։ Ինքնակոչիկ ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանն այդ միջավայրի ներկայացուցիչ է։