Գյումրիի «Մոր և Մանկան Ավստրիական Հիվանդանոց»-ի նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը, ով երկար տարիներ ղեկավարել է հաստատությունը, և միայն վերջերս մարզպետի որոշմամբ չընտրվեց տնօրեն, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հատուկ նրանց համար, ովքեր հայտարարում են, որ ավստրիացի գործընկերները չունեն կարծիք կամ անտարբեր են Գյումրու «Մոր և Մանկան Ավստրիական Հիվանդանոց»-ում տեղի ունեցող վերջին զարգացումներին: Տարակուսանք, զարմանք և հիասթափություն արտահայտող նամակների հոսքից տեղադրում եմ, ընդամենը, մի քանիսը։ Ավստրիացի գործընկերների նամակներում, ցավոք, կան նաև նախօրոք պլանավորած այցերի և ծրագրերի կասեցման մասին հայտարարություններ։ Կոռեկտության սահմանների մեջ մնալով՝ չեմ տեղադրում Ավստրիայի դեսպան պարոն Ալոիս Կրաուտի և մի շարք խոշոր դոնորների նամակները՝ ուղղված ՀՀ արտգործնախարարություն և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»։
Նշենք, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հունվարի 17-ի որոշմամբ՝ Գյումրիի «Մոր և Մանկան Ավստրիական Հիվանդանոց»-ի տնօրեն է նշանակվել «Գյումրի» բժշկական կենտրոնի ու «Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական հիվանդանոց»-ի տրավմատոլոգ Ժորժիկ Սերոբյանը:
Արդեն տեղեկացրել էինք, որ մրցութային պայքարը ընթացել է Ժորժիկ Սերոբյանի և գործող տնօրեն Աշոտ Կուրղինյանի միջև: Թեստավորման փուլից հետո՝ փակ, գաղտնի քվեարկությամբ 7 կողմ ձայն տվել են գործող տնօրենին և 6 կողմ, 1 դեմ ձայն' Ժորժիկ Սերոբյանին: Արդյունքում երկու թեկնածուներն էլ հաղթող են ճանաչվել և տնօրեն նշանակելու որոշումը մնացել է մարզպետ Տիգրան Պետրոսյանի ուսերին:
Մարզպետը, շրջանառվող լուրերի համաձայն, հայտնվել է աննախաձելի վիճակում, քանի որ Սերոբյաններն աջակցել են իրեն մարզպետ դառնալու հարցում: Իսկ մյուս կողմում՝ Աշոտ Կուրղինյան էր, ով երկար տարիներ եղել է հիվանդանոցի տնօրեն: Կուրղինյանը նաև թեստավորման փուլն ամբողջովին հաղթահարել էր և հավաքել մրցութային հանձնաժողովի առավելագույն ձայները:
Մարզպետն իր որոշումը հիմնավորեց հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, որին, սական, Կուրղինյանը չկարողացավ մուտք գործել: Կուրղինյանն էլ իր հերթին ներկայացրեց իր դիրքորոշումը՝ պատասխանելով իր հասցեին հնչած մեղադրանքներին: