Իրականում տեղի է ունենում ինտենսիվ բանակցային գործընթաց, որի մասին Հայաստանի իշխանությունները գերադասում էին լռել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ժնեւի բանակցային մարաթոնն եզրափակող 3 հայտարարություններից՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ներ, պարզ է դառնում, որ

1. Իրականում տեղի է ունենում ինտենսիվ բանակցային գործընթաց, որի մասին Հայաստանի իշխանությունները գերադասում էին լռել։

2. Սեղանին իրականում դրված է փաստաթուղթ, ինչը նույնպես պարբերաբար հերքում էր Նիկոլ Փաշինյանը։

3. Արցախի՝ բանակցային ձեւաչափ վերադարձնելու փաշինյանական խոստումը մնացորդային հիշատակման է արժանացել, այն էլ՝ բացառապես Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

4. Մինսկի խումբը կոչ է արել պահել բանակցությունների կոնֆիդենցիալության սկզբունքը, այսպիսով կշտամբելով փաշինյանական զեղումները Կապանում։

5. Վերջին կոչը Հայաստանի իշխանությունները հետայսու օգտագործելու են «մենք ուզում էինք թափանցիկ լինել, բայց համանախագահները դեմ են» մնջախաղը բեմադրելու համար։

6. Հաղորդագրությունից հասկանալի չէ ամենակարեւորը՝ կարգավորման 3 սկզբունքների եւ 6 էլեմենտների շուրջ կոնկրետ գործընթացները։

Ինչպես կասեր «դասականը», սատանան մանրուքների մեջ է»,-նշել է նա։