Հունվարի 28-ին Երևանում տեղի ունեցած ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների ձերբակալումները և նրանց շատ արագ ազատ արձակումը խեղկատակության էր նման: Բայց իրականում այդ ամենն արվում է միտումնավոր և նպատակային. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջ է տանում ուժային կառույցների՝ ԱԱԾ-ի և ՀՀ ոստիկանության վարկաբեկման քաղաքaկանությունը հասարակության աչքերում:
Սկզբում նա ձերբազատվեց այդ կառույցների խարիզմատիկ ղեկավարներից՝ Արթուր Վանեցյանից և Վալերիյ Օսիպյանից, ովքեր մեծ համակրանք էին վայելում:
Նախ՝ սկսվեց Օսիպյանի վարկաբեկման գործընթացը, որին սկսեցին փչացնել «Սասնա ծռերի» դատական նիստի ժամանակ, երբ մեղադրյալներից մեկը Հայաստանի ոստիկանապետին անվանեց լակոտ և չպատժվեց դրա համար: Օսիպյանի վարկանիշը սկսեց կտրուկ նվազել: Հաջորդիվ պարոն Փաշինյանը շատ արագ ձերբազատվեց իր բնութագրմամբ հակահեղափոխական ԱԱԾ տնօրեն Վանեցյանից և նույն Օսիպյանից, որոնց փոխարինեց «անգույն» ԺՊ-ներով, որոնք, որքան հասկանում եմ, մեծ հաճույքով ստանձնել են իրենց ոլորտների վարկաբեկումը վերջնարդյունքին հասցնելու առաքելությունը:
Այսպես՝ ԱԱԾ-ի նման հիմնարկին հրահանգվել էր հանդես գալ Փաշինյանի աննախադեպ բարձր վարկանիշի մասին հայտարարությամբ, որն ուղղակի հեգնանք է այդ կառույցի նկատմամբ: Հետո պարոն Փաշինյանն ուղղակի հանձնարարեց ԱԱԾ տնօրենի ԺՊ-ին սատանայի հետ համագործակցողներին հայտնաբերել: Այսպիսի անլուրջ վերաբերմունքը ԱԱԾ-ի նկատմամբ հասարակության լայն շերտերի մոտ պետք է ստեղծի համապատասխան անլուրջ վերաբերմունք այդ կառույցի նկատմամբ:
Հունվարի 28-ի ոստիկանական գործողությունները նույն այդ «օպերայից» են. ընդդիմադիր գործիչների ասֆալտին փռելով շոու-ձերբակալումները և արագ ազատություն տալը ևս շատ մարդկանց մոտ բավական անլուրջ տպավորություն է ստեղծում ոստիկանության մասին:
Վերջին շրջանում ծաղրուծանակն ԱԱԾ-ի և ոստիկանության նկատմամբ անչափ շատացել են: Ավելին՝ որքան նկատում եմ, նույն ՀՀ ոստիկանությունը բավական ոչ ընդունելի, նույնիսկ տեղական իշխանությունների համար, կադրային քաղաքականություն է իրականացնում նաև մարզերում՝ ոստիկանապետներ նշանակելով օդիոզ, բազմաթիվ սկանդալներում հայտնված և վատահամբավ անձանց: Դրա վառ օրինակը Շիրակի մարզի ոստիկանապետն է:
Փաշինյանի այսպիսի քաղաքականությունն ուժային կառույցների նակտմամբ վարկաբեկում է նույն այդ ուժային կառույցները և դժգոհություն ստեղծում հասարակության մոտ, որի արդյունքում էլ «արդար» վարչապետը, որն իբրև թե բացարձակ կապ չունի ուժայինների այս անտրամաբանական և տկարամիտ քաղաքականության հետ, ավրալ մեթոդով կսկսի ստեղծել իշխանությունների երազած ԱԱԾ-ն և ոստիկանությունը:
Նոր ԱԱԾ և ոստիկանություն 2003թ․-ից հետո Վրաստանում ստեղծեց ամերիկացիների կողմից Վրաստանում իշխանության բերված Միխեիլ Սաակաշվիլին, որն այդ քաղաքականությունն իրականացրեց շատ արագ և առանց Փաշինյանի կողմից կիրառվող էժանագին սցենարների: Երկու տասնյակ հազարից ավել ոստիկաններ ազատվեցին աշխատանքից ու երկրում որոշ ժամանակ «բարդակ» իրավիճակ էր:
Հայաստանի վարչապետը, որը, որքան հասկանում եմ, հանրապետությունում փորձում է իրականացնել Սաակաշվիլիի «մեղմացված» քաղաքականությունը, մի բան հաշվի չի առել: Սաակաշվիլին, ի տարբերություն Փաշինյանի, ուներ մեծ գումարներ, որով փակում էր մարդկանց բերանները: Փաշինյանը հազիվ իր յուրայինների պահանջներն է բավարարում՝ դժգոհություններ առաջացնելով հասարակության զգալի մասի մոտ:
Փաշինյանի իշխանության ամենամեծ խնդիրն առանց նորը ստեղծելու հնի քանդելն է, որը ստեղծում է ամորֆ վիճակ և ամենաթողության զգացում, ինչը մեր պարագայում շատ վտանգավոր է:
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է միջնադարյան արքաների և ռուսական ցարերի քաղաքականությամբ, որի համաձայն՝ ամեն լավի հետևում կանգնած են արքաները և ցարերը, իսկ վատի՝ իշխանությունները: Պլեբսը միշտ էլ հավատացել է այդ տկարամիտ վարկածին: Զարմանալիորեն 21-րդ դարի Հայաստանում մի ստվար զանգված համոզված է, որ, օրինակ, ԿԳՄՍՆ ղեկավարն ինքնուրույն է ընդունում հասարակության մեծ մասի կողմից դատապարտվող և անընդունելի որոշումները, իսկ Փաշինյանն այդ ամենի հետ կապ չունի: Սա ողբերգություն է: