Զգույշ❗Գրառումը երկար է։)

2016թ․-ի ապրիլյանից մեկ-երկու ամիս հետո էր, եթե հիշողությունս չի դավաճանում, Հայ ազգային կոնգրեսը հանրապետական ժողով էր հրավիրվել (վարչության անդամներ + տարածքայինների ղեկավարներ)։ Լևոնն էր նախագահում։ Ապրիլյանին հաջորդած շոկային վիճակը դեռ թարմ էր ու բնականաբար քննարկումների առյուծի բաժինը Արցախի հարցին էր վերաբերում։ Ինչ-որ պահի «80-ականների զենքերի» մասին խոսվեց ու առաջին նախագահը մի քիչ անսպասելի մոտավորապես ասեց՝ ինչի մասին ուզում եք, հարցեր տվեք, եթե պետական գաղտնիք չպարունակի, ամեն ինչ կպատմեմ։ Ու պատմեց։

Պատմեց զենքի ամենաառաջին գնման մասին՝ ինչ տեսակ, քանի հատ, ինչ գնով, որտեղից ու ում փողերով։ Ովքեր ու ինչ զոհողությունների գնով էին դա կազմակերպում, տանում հասցնում տեղ։ Պատմեց Շուշիի ազատագրմանը նախորդած պատրաստությունների, դրանց հետաձգման պատճառների, դրանց շուրջ անվտանգության խորհրդի նիստերի, Օմարի օպերացիայի, Ելցինի հետ զենքի անվճար մատակարարման շուրջ պայմանավորվածության մասին, ըստ որի զենքն իբր բերվում էր որպես ռուսական ռազմաբազայի համալրում, բայց բազայի մուտքից թեքվում մտնում էր մեր ՊՆ-ի բալանս:

Ռուսական բազան մեզ մոտ թողնելու պատմությունը․ ոնց եղավ, ինչ ստացանք դրա դիմաց քաղաքականապես ու նաև բառի ուղիղ իմաստով, ոնց պատերազմի ժամանակ սխալմամբ իրանական ինքնաթիռ խփեցինք ու ոնց կարողացանք դրա տակից էնպես դուրս գալ, որ պարսիկները մեզ հետ շարունակեն բարեկամ մնալ ու էլի շատ պատմություններ, որ կարկամած լսում էինք։

Հիշում եմ՝ դիմացս նստած ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի հետ էլ կռվեցինք, որովհետև կողքինի հետ խոսում էր, մենք էլ ասում էինք՝ այ մարդ, սուս, կարևոր բան ենք լսում։ Ինքն էդ ամեն ինչի մասին գիտեր, տեսել էր, մասնակցել էր։ Իր համար սովորական դարձած ինֆո էր, բայց ինձ համակած զգացումը հպարտության ու անկեղծ զարմանքի զգացում էր։

Վստահ եմ՝ որպես հայաստանցի մեր ինքնության իրական ըմբռնման ու արժևորման, մեջքներս այլևս երբեք չծռելու համար չափազանց կարևոր է ինքներս մեր մասին՝ մեր բանակի ու պետության կազմավորման պատմության ամեն մի դետալը իմանալ մանրամասն ու իմանալ առաջին ձեռքից․․․ քանի դեռ էդ մարդիկ կան։

Էսօր ոչ աշխատանքային օր է։

Բանակի օրն է․ ում հարցնես՝ կասի։

Բայց մեր ճնշող մեծամասնությունը չգիտի, թե էդ ոնց եղավ, ինչ եղավ, ինչպես եղավ, որ հերիք չի բանակն էդպիսի պայմաններում էդ արագությամբ կազմավորվեց, դեռ մի հատ էլ հաղթեց պատերազմում։

Ցավոք, էն ժամանակ ինստագրամ ու ֆեյսբուք չկար, որ ամեն մի փռշտոցի մասին գրառում արվեր։ Դրա համար մենք մեր պետության ու բանակի հիմնադրման ակունքներում կանգնածներին էսօր ամեն օր պիտի հարցեր տանք, ֆիլմեր սարքենք, հաղորդում պատրաստենք, ծնունդները շնորհավորենք և այլն։ Դա առաջին հերթին մեզ է պետք՝ հայաստանցուն, Հայաստանի ու իր քաղաքացու ինքնությանը։

Անգլերեն մի տերմին կա՝ statesman: Հայերեն թարգմանում են՝ պետական գործիչ/այր։ Բառացի թարգմանությունն ինձ ավելի է դուր գալիս՝ «պետության մարդ»։

Ասում են՝ քաղաքական գործիչը մտածում է հաջորդ ընտրության մասին, պետական գործիչը՝ հաջորդ սերնդի։

Ես շատ եմ ուզում, որ մեր պետության էսօրվա քաղաքական ղեկավարները շարքային քաղաքական գործիչներից ու պաշտոնյաներից վերածվեն պետական գործիչների՝ պետության մարդկանց։ Ինձ թվում է՝ միայն էդ ժամանակ բանակի օրով կսկսենք բանակը սարքողների, անկախության օրով՝ անկախությունը կերտողների մասին խոսել, մեր երկրի բոլոր հիմնադիրների մասին խոսել, նրանց էդ ամեն ինչի մասին մանրամասնագույնս հարցուփորձ անել ու վերջապես էդ ամեն ինչը ՓԱՍՏԱԳՐԵԼ!․․․էս ամենն անել, քանի էդ մարդիկ կան։

Նրանք էլ թարսի պես մանրից հեռանում են։ Ղարաբաղ կոմիտեի անդամներից ոմանք էլ չկան, Վազգեն Սարգսյանը չկա, Վանոյին վերադարձնելու փորձ անգամ չի արվում:

Գրեթե երկու տարի է՝ այլևս Կոնգրեսի անդամ չեմ ու էս գրառումը որպես կուսակցական չեմ անում, այլ՝ հայաստանցի։ Մենք մեր նորագույն պատմությամբ հպարտանալու անսպառ թեմաներ ունենք, բայց շատ բաների մասին ոչինչ չգիտենք ու տպավորություն է, որ պետքներս էլ չի։

Շնորհավոր ՀՀ բանակի օրը: