Երևանի քաղաքապետարանի ավագանու՝ արդեն իսկ նախկին անդամ Հենրիկ Հարթենյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր մանդատից հրաժարվելու մասին:
«Սիրելիʹ հայրենակիցներ, ելնելով ստեղծված իրավիճակից՝ հայցում եմ ձեր ներողամտությունը և անհամատեղելի եմ համարում աշխատանքս Երևան քաղաքի ավագանիում, ուստի վայր եմ դնում մանդատս»,- գրել էր նա:
Գրառումը, սակայն, խմբագրվել է առնվազն 5 անգամ:
Նախնական տարբերակում եղել է «Հայցում եմ իմ ներողամտությունը», որը ֆեյսբուքյան օգտատերերի կողմից մեծ արձագանք է ստացել:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է. «Լավ, ամեն ինչ հասկացանք։ Բա էդ «ոչ մի բանի մասին» անձնավորությունը ինչպե՞ս էր դարձել ավագանի։ Ո՞վ էր երաշխավորել։ Ինչի՞ համար։ Ո՞ր խաչմերուկը փակելու համար։ Է՞լ որքան կան նման «ոչ մի բանի մասին»-ներ մեր երկրի պառլամենտում, նախարարություններում, ավագանիներում, մարզպետարաններում, թաղապետարաններում»:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին անդամ Արթուր Եղիազարյանն էլ գրել է. «Բազմակի խմբագրումները, որոնք տառ բաց թողնելու հետևանքով վրիպակի ուղղում չեն, այլ՝ որոշ բառերի, հասկացությունների կամ իմաստների չհասկացության արդյունք, ցույց են տալիս ու փաստում, որ հանրակրթական դպրոցներում և բուհերում էլ ավելի մեծ տեղ պետք է հատկացվի հայոց լեզվին»:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջի story բաժնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր էջի լուսանկարն էր հրապարակել և կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»: «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ էր անցկացրել, որից հետո խմբակցությունը Հենրիկ Հարթենյանից պահանջել է վայր դնել մանդատը, ինչը նրա կողմից ընդունվել է: