ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը գրել է․
«Փաշինյանի «թափանցիկությունը» Արցախի հարցում կամ հերթական կոպիտ մանիպուլյացիան։
Կապանում տեղի ունեցած վերջին ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան վարչապետը մի տգեղ մանիպուլյացիա արեց, ներկայացնելով Մադրիդյան սկզբունքներից ընթարցած հատվածն իբրև նախկին իշխանությունից ստացված ժառանգություն, ավելին, նա կոչ արեց Արցախի նախագահի թեկնածուներին արտահայտել դիրքորոշում՝ արդյո՞ք այս տարբերակն ընդունելի է նրանց համար, Արցախի ժողովրդի համար։
Եվ այս ամենը կատարվեց մի խորհրդավոր լույսի ներքո, թե՝ առիթը հարմար է, որպեսզի բացահայտվի, թե ինչ է մնացել իբրև ժառանգություն։
Ինձ համար առնվազն անհասկանալի է, թե Արցախի ընտրությունների նախաշեմին ՀՀ վարչապետն ինչու՞ է գնդակը, այն էլ կեղտոտ գնդակը նետում Արցախի դաշտ, մի բան էլ «սպառնալով», թե «եթե այս տարբերակը ընդունելի է, ես սա կտանեմ բանակցությունների սեղան»։
Պարզից էլ պարզ է, որ Մադրիդյան սկզբունքները եթե մեզ համար ընդունելի լինեին, բանակցությունները վաղուց արդեն ավարտված կլինեին։
Պարզից էլ պարզ է, որ հիմա էլ բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը հիմնված է Մադրիդյան սկզբունքներին։ Եթե ոչ՝ ապա այդ ի՞նչ նոր փաստաթուղթ է շրջանառվում։
Պարզից էլ պարզ է, որ Փաշինյանի կողմից ստացված «ժառանգությունը» Ժնևի, Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններն են, որոնց համաձայն պետք է տեղակայվեին մշտադիտարկման սարքեր շփման գծի ողջ երկայնքով։ Ի՞նչ եղան այդ պայմանավորվածությունները...
Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված իրենց «կարմիր գծերը» և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «լռությունը» այդ փաստաթղթի հանդեպ, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի «ղարաբաղյան համայնք» հկ-ի միջև դրվող հավասարության նշանն իրոք նոր կետ է բանակցային գործընթացում, ինչու՞ սրա մասին կարծիք չեք հարցնում Արցախի նախագահի թեկնածուներից, պարոն վարչապետ։
Եվ ի վերջո, ո՞րն է «թափանցիկությունը» Արցախի հարցում՝ ռազմավարությու՞նը, թե՝ դրա բացակայությու՞նը»։