Այսօր՝ հունվարի 24-ին, խորհրդարանում ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը հիշեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի գրառումը, ով խոսել էր ԱԺ-ն ցրելու ձևերի մասին, որից մեկն ընդդիմադիր խմբակցությունների կողմից մանդատները վայրն դնելն է:
«Ես ուզում եմ խոսել Գևորգ Պետրոսանի վերջին մտքի գոհարի մասին, ով հերթական անգամ իր փայլատակումն է արել: Քուանշ, ուրեմն: 20 օր ժամանակ կա: Ի դեպ, Պետրոսյան Գևորգը 656 ձայն է հավաքել՝ Գագիկ Ծառույանի բարձր հովանու ներքո: Կա 20 օր ժամանակ, որի ընթացքում հնարավորության պարագայում առաջարկում եմ մանդատները վայր դնել, կամ դուրս գալ այդ ոճից:
Հանգիստ թողեք Ազգային ժողովը, բավական է: Մյուս բանի ժամանակ արձագանքները լինելու են ավելի խիստ»,-ասաց Սիմոնյանը:
Սիմոնյանի հայտարարությանը ԲՀԿ-ից պատասխանեց Արման Աբովյանը. «Ես սպասում էի, որ այստեղ արդեն սկսելու ենք քննարկել ֆեյսբուքյան գրառումները: Պետրոսյանի ստատուսում գրված է, որ դա իր անձնական կարծիքն է, չգիտեմ, թե ինչու դա չասացիք: Հիմա բլոտ խաղի կանոններն են օգտագործվում: Նույն համառությամբ խորհուրդ կտամ Ծառուկյանի հարցազրույցը լսել, որտեղ նա հստակ ասում է, որ ցրելու ժամանակը չէ, աշխատելու, երկիրը ծաղկեցնելու ժամանակն է: Բայց եթե ստատուս եք կարդում, կարդացեք նաև ձեր խմբակցության պատգամավորների ստատուսները, որոնք ոչ պակաս հետաքրքիր են: Եկեք խորհրդարանը չդարձնենք Ֆեյսբուք»:
Իմ քայլ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ ակտիվ հետևում են մամուլին, որտեղ հայտնվում են քաղաքական գործիչների մտքերը. «Հենց մամուլում զետեղված հրապարակումներում Պետրոսյան Գևորգն ասում է «Այսպես կոչված ԱԺ նախագահ»: Ես՝ որպես ԱԺ պատգամավոր, հարգանք եմ պահանջում ԱԺ ինստիտուտի և ԱԺ նախագահի նկատմամբ՝ որպես ինստիտուտի: Խնդրում եմ կարգի հրավիրել ձեր պատգամավորին, քանի որ նման խոսքը չի կարող ընդունելի լինել որևէ մեկի կողմից»: