«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգարժան վարչապետին հիշեցնեմ, որ ավագանին կամ քաղաքապետարանի որևէ վարչություն կամ արդարադատության նախարարությունը չի որոշում՝ ինչն է Ազգային ժողովի լիազորությունների շրջանակում, ինչը՝ ոչ։
Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ (88-րդ հոդվածի 4-րդ մաս, Ազգային ժողովի կանոնակարգի 1-ին հոդվածի 4-րդ մաս):
Այդ լիազորությունների թվում է քննիչ հանձնաժողովների ստեղծումը՝ Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով (Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին մաս)։
Այստեղ հատկապես կարևոր է «Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող» եզրույթի բացահայտումը։ Այն բացահայտելու համար այս դեպքում պետք է հստակեցնենք, թե արդյոք տվյալ խնդրի կապակցությամբ գործադիր իշխանությունն ունի լիազորություն թե՝ ոչ (ակնհայտ է, որ չունի, քանի որ de jure տեղական ինքնակառավարման մարմինն անկախ է գործադիր իշխանությունից), ինչպես նաև պարզել, թե արդյոք խնդրո առարկա փաստերի առնչությամբ դատարանում քննվում է որևէ գործ (ինչը ևս տեղի չի ունեցել այս պարագայում)։ Այսինքն՝ կիրառելի է բացառման սկզբունքը։ Մյուս կողմից, Ազգային ժողովի կանոնակարգի 21-րդ հոդվածի տրամաբանությունից ուղղակիորեն հետևում է, որ քննիչ հանձնաժողովը կարող է քննել ինչպես պետական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող հարցեր։
Քննիչ հանձնաժողովի ձևավորմանը խոչընդոտելն ունի բացառապես քաղաքական նպատակ, և այդ նպատակը մեկն է՝ զերծ պահել Հայկ Մարությանին հաշվետու լինելու պարտականությունից և կոռուպցիոն ռիսկերի բացահայտումից, դրա համարժեք գնահատականից։
Այս վարքագիծը հիշեցնում է նախկին իշխանություններին, երբ նրանք ցանկանում էին տապալել ընդդիմության նախաձեռնությունները՝ հղում տալով ինչ-որ անհասկանալի իրավաբանների անիմաստ տեսությունների:
Գործադիրը գնում է ընդդիմության հնարավությունների սահմանափակման ճանապարհով, քանի որ չի ցանկանում կայացնել օրենսդրին հաշվետու լինելու ինստիտուտը։
Մենք դրա միջով անցել ենք միասին, պարո՛ն վարչապետ։ Իզուր վատ ավանդույթները մի շարունակեք»: