Վերջին երեք օրերը ծանր հոգեկան փորձություն էին։ Մենք մինչև վերջ դեռ չենք գիտակցում, բայց մեր երկրում սկսվել է նորից արյուն թափվել։ Եվ գուցե դեռ չենք հասկանում, որ սկզբից դա ողբերգություն է, բայց եթե կանգ չառնենք, կդառնա առօրյա իրականություն, և ինքներս էլ չենք զգա, թե ինչպես սկսեցինք "սիրո և համերաշխությամբ", իսկ ավարտեցինք "ատելությամբ և արյունահեղությամբ", ու տանուլ տվեցինք մեր երկիրը։

 

Այսօր մենք դեռ կարող ենք կանգ առնել, մերժել մեզ խեղդող ատելությունը, գիտակցել, որ այն բումերանգի պես վերադառնալու է յուրաքնաչյուրիս ետևից, մտնելու է յուրաքանչյուրիս ընտանիք, դժբախտացնելու է յուրաքանչյուրիս։ Գիտակցել, որ այդ ատելությունը մեր մեջ վարպետորեն սերմանվել է, որպեսզի մենք թողած առաջնայինը, տարվենք մեր ներսում անվերջ հաշիվներ մաքրելով, արդարադատությունը փոխարինենք վրեժխնդրությամբ, պատասխանատվությունը՝ հաշվեհարդարով, և ի վերջո մսխենք մեր ողջ ուժն ու կորովը իրար դեմ անզիջում պայքարում։

Այսօր դեռ ուշ չի ապավինել մեր մարդկային գթասրտությանը և խելամտությանը, ձեռք մեկնել իրար, ընդունել մեր բազմաթիվ սխալները, ներողամտություն հայցել իրարից, ու փորձել ներել իրար։ Այսօր դեռ մենք կարող ենք յուրաքանչյուրս մեկ քայլ հետ կանգնել, և չզոհաբերել մեր ապագան հանուն անցյալի համար վրեժ լուծելու ամենակուլ ցանկության։ Կարող ենք ընդունել այդ անցյալի համար մեր պատասխանատվությունը, և միասին փորձել գտնել դեպի ապագան տանող անկորուստ ճանապարհը։