Քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գեորգի Կուտոյանի հիշատակին

Գեորգին իմ ճանաչած ամենապարկեշտ մարդկանցից մեկն էր: Զուսպ, լուրջ, խորը: Այնքան լուրջ ու այնքան խորը, որ էդ տարիքում, սովորաբար, էդպես չի լինում: Ուղնուծուծով պետականապաշտ: Մարմնի ամեն բջիջով հայ ու Հայաստանի զինվոր:

Գնաց' 39 տարին դեռ չբոլորած: Գնաց' անհայր թողնելով իր չորսամյա տղային, անամոքելի վշտի հետ մեն մենակ թողնելով իր հարազատներին:

Գնաց' խորը ափսոսանքի ու չուտվող դառնության զգացում ներարկելով իրեն ճանաչող բոլորին:

Հեռացավ ինքն իրենից, իր ժամանակից, նրա խեղդող բարքերից ու արժեքներից' սեփական արյան բաժակը պարզելով օրվա արժեքների գլխավոր մատակարարներին. թող խմեն արյան էդ բաժակն էլ' գուցե հագենան, արյան համից կենդանական բնազդով գոնե մի պահ հասկանան, որ, ախր, ուրիշինը չէ' սեփակա՜ն արյունն են խմում:

Գնաց' սեփական մահը գերադասելով այլոց տառապանքն իրենը համարելու ու դրանով ապրելու հոգին մաշող ցավից: Հեռացավ' անկարող լինելով կյանքի ու բարոյականության սեփական եկեղեցիում մի անկյուն էլ թողնել երեկվա կեղծ մերձավորի անաստված գոյության համար:

Գեորգին գնաց' սթափվելու կոչելով իր ամենավերջին հենարանը' ինքնապահպանման բնազդը կորցնող ու ինքնաոչնչացման հոսանքին հանձնվող մեր հասարակությանը: Գնաց' գուժելու հնարավոր ազգային աղետը:

Մարդկային մեծագույն ողբերգություն: Աննկարագրելի, թունավոր անհամություն: Ժամանակի ու նրա բարքերի հետ կռիվ տված, բայց նրան պարտված ու էդ պարտությունը չընդունած մարդու խոսուն ճակատագիր: Իր ապրած ժամանակը, նրա ողբերգականությունը խտացնող մի լեղի պատմություն: Մեր ձայնային հիշողության խորքերում արդեն մոռացված մի կրակոց այն մասին, թե ինչպես է ժամանակը, երբեմն, անխնայաբար ոչնչացնում արժանավորին ու կործանում լավագույնին: Մամռակալած էլի մի տապանագիր էն մասին, թե ինչպես կարող է ժամանակը երբեմն սրբել-տանել ամբողջ ժողովուրդների ու փշրել նրանց ճակատագրերը:

Անգամ կենդանական բնազդով դժվար է չզգալ, որ Հայաստանում ստեղծված էս անհամ մթնոլորտը բացել է իր ամենակուլ երախը' խորտակելով մարդկանց, ընտանիքներ ու ճակատագրեր: Օդում ծայրահեղ ատելության, ներքին թշնամանքի ու ինքնոչոնչացման մահաբեր քամի է փչում: Մեզ անծանոթ, բայց մեզ արդեն կլանած քամի: Ու ոչ ոք չգիտի, թե ում կայցելի այդ քամին հաջորդը: Ով կլինի կործանված հաջորդ ճակատագիրը: Որբացած հաջորդ երեխան: Ու ամենակարևորը, ոչ ոք այդպես էլ չի իմանա' լավ, հանուն ինչի՞»: