Տնաշեն, մտածիր, նոր խոսիր...
Չնայած, չէ՛ ավելի լավ է՝ լռես: Խոսքն, ինչ խոսք, իշխող ընտանիքի (այլևս սա խայտառակ իրողություն է) ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությունների մասին է. նախ, «Ֆակտոր»-ին, իսկ երեկ էլ «ԱրմՆյուզ»-ին տված հարցազրույցներում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից պետական հեղաշրջում իրականացնելու մտադրության և նախապատրաստման թեմայով:
Մի քանի օր առաջ, Հրաչյա Հակոբյանը, հղում անելով ընտանեկան թերթոնի տպած, բերիայական դանոսաոճով շարադրված մառազմատիկ հրապարակմանը, գրեթե պնդում էր, որ ԱԱԾ նախկին տնօրենը հեղաշրջում էր նախապատրաստում: Երկրորդ հարցազրույցում արդեն ասում է, թե հեղաշրջում նախապատրաստելու պահը զուտ իր ենթադրությունն է:
Դա քաղաքական գործչի համար ինքնաոչնչացնող հայտարարություն է: Չնայած, Հրաչյա Հակոբյանից ի՞նչ քաղաքական գործիչ: Վարչապետի կնոջ եղբայր լինելու համար ԱԺ դեպուտատի մանդատ ունենալը չի նշանակում, որ նա առհասարակ, ինքն իրենով, քաղաքականության մեջ ինչ-որ բան ներկայացնում է:
Ցանկացած դեպքում, Հրաչյա Հակոբյանը շնորհակալության է արժանի (առանց հեգնանքի, ի դեպ), որ այդպես բացահայտ, նույնիսկ Նիկոլի պաշտամունքով տառապող սուբյեկտների համար ակնհայտ, ի ցույց է դնում այն խեղկատակ ու թշվառամիտ վիճակը, որ առկա է թավշյա իշխանության վերին էշելոններում:
Ենթադրություն, ասում է: Ու, զուտ ենթադրությունից ելնելով, հարձակվում են տարբեր անձանց վրա (գուցե նրանց հասնում է, բայց հարցը արդեն կոնկրետ անձերը չեն):
Բա որ ձեր մասին ենթադրությունները ցփնեն երեսներիդ...
Անձը իրեն ոչ մի կերպ հաշիվ չի տալիս, թե ո՛վ է, ի՛նչ կարգավիճակ ունի, ինչ է խոսում, դա ինչ հետևանքներ կարող է ունենալ: Հենց գիտի, թե իր մասնակցույթամբ նկարվող էժանագին ու տափակ «կինոներից» մեկի մեջ է:
Թե բա՝ իշխող ընտանիքի դեմ հակաքարոզչական արշավ է իրականացվել կամ իրականցվում: Ավելի անմիտ բան դժվար է մոգոնել, որովհետև ով կամ ինչու պետք է հատուկ բան մտածի մեկի դեմ, ով ցանկացածի մտածածից ավելի արդյունավետ է ինքնավարկաբեկվում: