Հայաստանում երթևեկությունը մեղմ ասած լավ վիճակում չէ ու այն պետք է կարգավորել, իսկ պետությունը հերթական անգամ կատարում է երկրորդ կամ երրորդ քայլը՝ առանց առաջին քայլը կատարելու: Նույնիսկ լավագույն ցանկության դեպքում Հայաստանում, առավել ևս Երևանում հնարավոր չէ մեքենան վարել առանց խախտումների. առանց հոծ գիծ հատելու, առանց չթույլատրված վայրում կայանելու և այսպես շարունակ: Պատճառները և օբյեկտիվ են և պետության անգործության արդյունք, օրինակ՝ Հայաստանում փողոցների, մայրուղիների կահավորումը՝ լուսավորություն չկա, գծանշումները խայտառակ վիճակում են, ձորի կողքով անցնող ու վտանգավոր ճանապարհների պատնեշները կամ չկան, կամ կիսատ են և այսպես շարունակ: Ինչ վերաբերվում է Երևանին՝ փորձեք առանց խախտում անելու անցնել Սուպերմարկետների, ռեստորանների հարակից փողոցներով, օրինակ՝ Երևան փողոցի վրա գտնվող Երևան պանդոկ դիմաց միշտ կայանած երկրորդ գիծ մեքենաներ կան, հիմնականում տաքսիներ, միացնում են վթարային թարթիչները ու կանգնում՝ ստիպված շրջանցում ես հոծ գիծ խախտելով: Եթե չկան նոր ճանապարհներ, բազմահարկ ավտոկայանատեղեր, ապա բալային համակարգի ներդրումը դառնալու է չարիք: Ուզո՞ւմ եք համոզվել, գնացեք 15 րոպե կանգնեք Երևանում գործող Մոլերի մոտ ու տեսանկարահանեք՝ 9 բալը ամեն երկրորդ տաքսու վարորդ սպառում է կես ժամում:
Վստահ եմ, որ ոստիկանությունը չի կարողանալու վերահսկել օրենքի կիրառումը, իսկ եթե խիստ փորձեն՝ անեծքի տակ են ընկնելու, չհաշված բողոքի հնարավոր ակցիաները, որը կբերի բախումների: Ընդհանուր վերցրած՝ պետությունն խայտառակվելու է, քանի որ ընդունել է մի օրենք, որի կիրառումը չի կարողանալու ապահովել: Նիկոլ Փաշինյանի կառավարության այս քայլը ինձ հիշեցնում է Երևանի քաղաքապետ եղած տարիներին Կարեն Կարապետյանի արածը, երբ առանց տարածք տրամադրելու սկսեց հանել տալ մայթերում գործող առևտրի կետերը ու պնդում էին, որ տարածք հետո կտրամադրեն: Նման գործելաոճը հանգեցրեց վերջինիս հրաժարականի: Մարդիկ ասում էին՝ սկզբից տեղը տուր, պաման ապահովի, հետո նոր արի ասա գնացեք այստեղից: Ընդունեք, որ արդար է:
Հարցի մյուս կողմն էլ այն է, որ այս կառավարությունը երբեք դուրս չի գա այն խմբերի դեմ, որոնք իշխանափոխության պահին հավաքվել էին Հանրապետության հրապարակում: