Աղասի Ենոքյանն իր էջում գրում է.

«Իշխանությունները ջանք չեն խնայում Նոր Տարվա գիշերը Հանրապետության հրապարակը հնարավորինս մարդաշատ դարձնելու համար։ Գործի են դրվել հնարավոր բոլոր մեթոդները՝ ըստ որոշ լուրերի անգամ շրջաններից են պարտաստվում ավտոբուսներով մարդիկ բերել։ Ասում են, թե տարբեր գերատեսչությունների աշխատողների պարտադրել են ցուցակագրմամբ գալ հրապարակ։ Վարչապետը ֆեյսբուքով ու հեռուստատեսությամբ մտնում է բոլոր ընտանիքները եւ կոչ անում ջարդել կարծրատիպերը եւ այս Ամանորը դիմավորել իր հետ միասին, նա քննարկում է ամանորի ընտանեկան ճաշացանկերը եւ կոչ է անում գերադասությունը տալ բրդուճին։ Նիկոլ Փաշինյանի ադեպտները եւ պարզապես նրանից աշխատավարձ ստացողները փիլիսոփայական-գաղափարախոսական ջանքեր են թափում այս ամենին սոցիալական, հեղափոխական ու մոդեռնիստական տեսք տալու համար։ Որպես հավելում այս ջանքերի աշխարհահռչակ Գորան Բրեգովիչին են հրավիրել Նոր Տարվա բրդուճն ուտելու խրախճանքին։

Տարբեր բացատրություններ են բերվում այն մասին, թե ինչ է լինելու այս ջանքերի արդյունքում։ Ոմանք ասում են, թե անհարժեշտ է բոլորիս մասնակցությունը, որպեսզի արդարացվի բյուջեից շուրջ 1 միլիոն դոլար տաշելու կոռուպցիոն գործարքը։ Այլոք պնդում են, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը ջարդում է ավանդականն ու ազգայինն ամեն ինչում՝ սկսած հայագիտական առարկաների դասավանդման կրճատումից մինչեւ ԼԳԲՏ քարոզ եւ «Հուզանք ու զանգ», այնպես էլ նա ցանկանում է այստեղ եւս մի հարված հասցնել ավանդական արժեքներին ու ապրելակերպին։

Սակայն ամենահավանականն է թվում այն վարկածը, որ ֆինանսական, քարոզչական ու ադմինիստրատիվ ռեսուրսների այսպիսի մեկտեղումը նպատակն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վերջապես, ավելի քան մեկ տարվա ընդմիջումից հետո հնարավորություն ունենալ տնօրինել հրապարակի ամբոխին։

Ավելի քան մեկ տարի առաջ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ կազմակերպված քայլարշավի ակնհայտ ձախողումից հետո Նիկոլ Փաշինյանը ռիսկ չէր անում մայրաքաղաքում զանգվածային միջոցառումներ կազմակերպել կամ մասնակցել։ Հանրային աջակցության նվազման եւս մի արտահայտություն էր դատարանները շրջափակելու կոչին արձագանքը, որը զանգավածային բնույթ չկրեց։ Որքան էլ ԱԱԾ-ն ֆեյք տվյալներ հրապարակի, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը անկում է ապրում, ավելին՝ նույնքան ակնհայտ է, որ նրան օժանդակողները ծույլ պողոսներն են, որոնք հաճույքով բազմոցին կամ ֆեյսբուքում պառկած կհայհոյեն նախկիններին, սակայն արդեն փողոց չեն դուրս գա։

Իսկ Նիկոլ Փաշինյանը ուզում է ամբոխի առաջ երեւալ ու ելույթ ունենալ։ Դա միայն սեփական էգոն բավարարելու ձգտում չէ, այլ բազմաթիվ ձախողումներից հետո հանրային ռեաբիլիտացիայի քաղաքական անհրաժեշտություն։ Դրա համար էլ անհրաժեշտ է բոլոր ռեսուրսների մոբիլիզացիա՝ հրապարակում քաղաքացիներին թավիշով ու «շուշաթղթով» հավաքելու համար»։