Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի երևանցիներ, հավատարիմ մնալով մեր նախընտրական խոստմանը՝ էներգախնայող լուսատուների օգտագործմամբ Երևան քաղաքի լուսավորության ապահովմանը, 2018 թ․ դեկտեմբերին Երևան համայնքում արդեն փոխարինված լուսատուների արդյունքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ հայտարարվեց Շիրակ, Բաբաջանյան և Կիևյան կամուրջի էներգախնայող լուսատուների ձեռքբերման համար մրցույթ։ 2019 թվականի հունիս ամսին ավարտվեց վերոնշյալ փողոցների լուսատուների փոխարինման աշխատանքները։
Այս ծրագրի արդյունքում'
տեղադրվող լուսատուների քանակը' 368,
76 % էներգասպառման նվազեցում,
ջերմոցային գազերի տարեկան արտանետումների կրճատումը՝ 50տ CO2,
ճանապարհային լուսավորության համակարգի բարելավում՝ 6 կմ։
Վերոնշյալ ծրագրի իրագործման ընթացքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայստանյան գրասենյակի աջակցությամբ մշակվեց էներգախնայող լուսատուների ձեռքբերման համար ֆինանսավորման նոր մոդել, որի համաձայն մատակարարին վճարվում է լուսատուների ամբողջ արժեքի 50% ստանալու օրով, իսկ տարաժամկետ վճարման գումարը (արժեքի 50%) հավասար մասնաբաժիններով 5 տարիների ընթացքում։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր քաղաքականությունը ուղված է Երևան համայնքի բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացմանը, որոշում կայացվեց վերոնշյալ ֆինանսական մոդելով իրականացնել Նուբարաշեն, Դավիթաշեն վարչական շրջանների (ամբողջությամբ), Կիևյան, Հալաբյան, Շիրազ, Գ․ Հասրաթյան, Լենինգրադյան և Հակոբ Հակոբյան փողոցների լուսավորության փախարինումը էներգոխնայող լուսատուներով։
Այս ծրագրի արդյունքում՝
տեղադրվող լուսատուների քանակը՝ 2412,
76 % էներգասպառման նվազեցում,
ջերմոցային գազերի տարեկան արտանետումների կրճատումը՝ 531տ CO2,
ճանապարհային լուսավորության համակարգի բարելավում՝ 65,7 կմ ։
Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ այս լուսատուները արդեն Երևանում են և որպես ծրագրի մեկնարկ արդեն փոխարինվել են Դավիթաշեն կամուրջի լուսատուները իսկ մնացած լուսատուների փոխարինումը կիրականացվի 2020 թվականի ընթացքում։
Հաշվի առնելով այս մոդելի արդյունավետությունը արդեն մրցույթ է հայտարարվել Գայի, Արմենակյան, Գ․ Հովսեփյան, Կողբացի, Զաքյան, Ֆուչիկ, Ռուբինյան, Դավիթ Անհաղթ փողոցների լուսատուների փոխարինման համար։ Ինչպես նաև հետիոտների անվտանգությունը բարձրացնելու համար՝ 72 անցումներ կլուսավորվեն առանձնահատուկ լուսատուներով:
Այս ծրագրի իրագործման բարեհաջող ընթացքն ապահովելու համար շնորհակալություն եմ հայտնում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայստանյան գրասենյակին, Երևանի քաղաքապետարանի և Երքաղլուս ՓԲԸ աշխատակիցներին։
Ծրագիրը կկրի շարունակական բնույթ»: