Այն, ինչ տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձի շուրջ, ակնհայտ է, որ քաղաքական ռեպրեսիա է։ Փաստ է նաև այն, որ նախագահ Քոչարյանն այսօր փաստացի քաղբանտարկյալի կարգավիճակում է, քանի որ, ըստ էության, նրա ներկայիս կալանավորումն անհիմն է, հակաիրավական և տեղի է ունեցել բացառապես քաղաքական նկատառումներով։ Այստեղ ահա առաջ են գալիս մի քանի խորքային հարցեր, թե ինչու է Նիկոլի և նրան իշխանության բերած ուժերի թիրախում հայտնվել հենց Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ ամենայնի, Նիկոլը Քոչարյանին ձերբակալել է՝ հաշվի առնելով երկու հանգամանք՝ արտաքին և ներքին։ Արտաքին հանգամանքն աշխարհաքաղաքական է՝ պայմանավորված տարածաշրջանում Արևմուտքի շահագրգռվածությամբ, քանի որ ի դեմս Քոչարյանի՝ հայկական քաղաքական համակարգում նրանք տեսնում են ընդգծված ռուսական քաղաքական բևեռ, իսկ Նախագահ Քոչարյանն այն գործիչն է, ով կարող է իր խոսքի և քաղաքական փորձի շնորհիվ՝ շատ արագ գեներացնել բավականին լուրջ էլեկտորատ՝ Նիկոլի համար ստեղծելով լուրջ խնդիրներ։ Ներքին հանգամանքը կապված է Նիկոլի անձնական հաշիվների հետ, քանի որ մարտի 1-ի դեպքերից հետո, Նիկոլի պատկերացմամբ՝ երբ ինքը տևական ժամանակ փախուստի մեջ էր, այնուհետև ձերբակալվեց, մեղավորը Քոչարյանն էր, և նա պետք է «պատասխան» տա։ Փաստ է, որ այսօր իշխանական ողջ պրոպագանդան լծված է կոնկրետ Քոչարյանի հակաքարոզի գործին, ավելին՝ իշխանությունների սպասարկող լրատվամիջոցները վեկտորներն ամեն կերպ թեքում են դեպի Երկրորդ նախագահը։ Ներկայումս այնպիսի մի վիճակ է, երբ Նիկոլը փորձում է հնարավորինս պախարակել իր հակառակորդներին և ժողովրդի աչքի առաջ դեմոնիզացնել Նախագահ Քոչարյանին։Նախագահ Քոչարյանը կալանավայրից լրատվականներից մեկի հարցերին ի պատասխան՝ բավականին ծավալուն վերլուծություն էր ներկայացրել, որտեղ հանգամանալից նկարագրել է տարածաշրջանի ընդհանուր աշխարհաքաղաքական պատկերն ու շահագրգիռ պետությունների շահերի բախման ընդհանուր կետերը։ Իր վերլուծության մեջ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է նաև Արցախի բանակցային գործընթացներին, որն այս իշխանությունների թեթև ձեռքով փակուղի է մտել (այս մասին իր հայտարարություններից մեկում բացահայտ ակնարկեց ՌԴ արտգործնախարար Լավրովը)։ Ավելին, Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահներն այն աստիճան չեն համաձայնում Նիկոլի կողմից հնչեցված թեզերի հետ, որ ՄԽ համանախագահ երկրներից մեկի՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր խոսքում Արցախի հակամարտությունը համեմատում է Կոսովոյի խնդրի հետ, ինչն անընդունելի է, քանի որ այդտեղ բացակայում է ինքնորոշման միջազգային իրավունքը, որը, ի դեպ, նիկոլական իշխանությունն «ուղարկել» է անհայտ ուղղությամբ։ Արցախի բանակցային գործընթացի հետ կապված՝ Ռոբերտ Քոչարյանը նշել է․ «Ակնառու է մեր բանակցային դիրքերի թուլացումը՝ հայկական կողմի կոպիտ սխալների պատճառով: Վարչապետի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը բանակցությունները տեղափոխեց ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից՝ դեպի մեզ համար ոչ ցանկալի պետությունների տարածքային ամբողջականության հարթություն: Փաշինյանի և Ալիևի լիֆտային կոնտակտները փաստացի զրոյացրին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված և մեզ համար շատ կարևոր պայմանավորվածությունները»: Սա այն նույն պնդումն է, որի մասին բարձրաձայնում են բանակցությունների մասին փոքրիշատե պատկերացում ունեցող անձինք և լայն փորձագիտական ու պրոֆեսիոնալ քաղաքական շրջանակները։ Մեր երկրում այսօր արհեստական լարված ու բավականին պայթյունավտանգ մթնոլորտ է, ու որքան էլ այսօր իշխանություններն անհասկանալի ժպիտներով ու ոչինչ չասող, հաճախ՝ նաև իրարարմերժ «լայվերով» ու հայտարարություններով, փորձում են ժողովրդի աչքին թոզ փչել , միևնույն է, ներքին և արտաքին առումներով Նիկոլը ու իր քայարած կառավարությունը ձախողել են և իշխանական ծանրաձողը գցել ոտքներին։ Փաստ է ՝ երկրի անվտանգությունը կախված չէ միայն զինված ուժերի մարտունակությունից և զինամթերքի քանակից ու որակից: Իսկ հասարակական տրամադրությունները և ազգային խնդիրների շուրջ կոնսենսուսը ոչ պակաս կարևոր գործոններ են:
Հ.Գ. Մեր միակ օրակարգը' Արցախն է: