ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
ԱԺ նախագահը պատասխանողից պահանջում է վիրավորանքի եւ զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցում, ինչպես նաեւ նախապես վճարված պետական տուրքի եւ փաստաբանի վարձատրության գումարների բռնագանձում:
Նշենք, որ նոյեմբերի 24-ին Սամսոնյանը գրել էր, թե ԱԺ նախագահն իր ծննդյան օրվա առթիվ մերձավորների հետ խաշ ուտելու էր գնացել եւ 290 հազար դրամ հաշիվ փակել: Գրառման մեջ Սամսոնյանը Միրզոյանին անվանել էր «պլանքյաշ»:
Դրանից հետո Արարատ Միրզոյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ իր տարեդարձի առիթով հարազատներին հրավիրել էր խաշի եւ ծախսել գրեթե 290 հազար դրամ գումար։ ԱԺ նախագահը հավելել էր նաեւ, որ Սամսոնյանի գրառման մեջ առկա ստի, վիրավորանքների եւ զրպարտության համար հայց է ներկայացնելու նրա դեմ: «Ավելորդ եմ համարում ասել, որ սույն օգտատերն ստիպված պիտի լինի ապացուցել նաև իմ պլանքյաշ լինելը»,- գրել էր Միրզոյանը:
Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 23-ին: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին: