Չնայած նրան, որ բազմիցս նշել եմ, թե ժամանակակից Իրանը քաղաքական և քաղաքակրթական առումներով, նաև լինելով պարսկական էթնիկական հիմքով քաղաքական վենախավերի ստեղծած Աքեմենենյան և Սասանյան կայսրությունների ժառանգորդը, կառուցակարգային շատ հատկանիշներով պահպանում է առաջին հայացքից անտեսանելի թվացող նախանձելի շարունակականություն, բայց մեր հասարակական և երբեմն նաև ակադեմիական ընկալումներում Իրանի Իսլամական Հանրապետությունը որպես բացառապես պարսիկների պետություն դիտարկելը, ինչը նկատելի է նույնիսկ խոսակցական հայերենում այդ երկիրը Պարսկաստան կոչելու ավանդույթի մեջ, որևէ աղերս չունի իրականության հետ։

Պետք է փաստել, որ այսօրվա իրանական պետությունը գաղափարական և էթնիկական կառուցվածքի առումով ժառանգորդն է 16-րդ դարում ստեղծված Սեֆյան կայսրության, որն, ըստ էության, շիայական դավանական հիմքի վրա ի հայտ եկած իրանա-թյուրքական միախառնման արդյունք էր, հետևաբար՝ չնայած պարսկերենի ավանդական գերակայությանը և որպես պետական ու քաղաքակրթական լեզու, պատմականորեն ստացած բացառիկ կարգավիճակին, ԻԻՀ հոգևոր-քաղաքական վերնախավերը ձևավորվում են ոչ թե լեզվական կամ էթնիկական պատկանելության, այլ բացառապես շիայական դավանանքի հետևորդության սկզբունքով:

Այս իմաստով հայերիս կողմից ժամանակակից Իրանի ընկալումը որպես տիտղոսակիր ազգություն հանդիսացող պարսիկների պետություն հիմնականում սխալ է, քանի որ, դիցուք, թյուրքախոս շիա ատրպատականցին կարող է զբաղեցնել նույնիսկ այս երկրի պետական բարձրագույն պաշտոնը, ինչպես որ ներկայիս հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի դեպքում է:

#մերբարեկամԻրանը
#ճանաչիրհարևանիդ