Լիբանանում հակահամակարգային ցույցերից ճիշտ 2 ամիս անց իրավիճակն ավելի վտանգավոր երանգներ է ստանում: Իրենց վերջնարդյունքները դեռևս չարձանագրած և բողոքի տարաբնույթ գործողությունների շարունակման ֆոնին դեկտեմբերի 17-ի գիշերը հերթական, բայց ամենամասշտաբային բախումն է գրանցվել մայրաքաղաք Բեյրութում՝ հստակ դավանական և գաղափարական հակասությունների պատճառով:

Շիայական «Հիզբալլահ» և «Ամալ» շարժումների կողմնակից հարյուրավոր երիտասարդներ նշված կառույցների վերաբերյալ սոցցանցերում տարածված տեսանյութերի համար վրեժ լուծելու նպատակով փորձել են հարձակվել ցուցարարների վրանների վրա: Անվտանգության ուժերը կանխել են գործողությունը, բայց տարաբնույթ անկարգություններից և հասցված նյութական վնասից խուսափել չի հաջողվել:

Ըստ էության, ցայժմ լիբանանյան ճգնաժամը հանգուցալուծել չի հաջողվում, մինչդեռ հետագա զարգացումները, կարծես, այդ երկրի տրամաբանությանը համապատասխան կանխատեսելի վտանգներ են պարունակում: