Էրեբունի պատմա-հնագիտական թանգարանը նոր, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած մասնաշենք կունենա: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Երևանի ավագանին այսօր հավանություն տվեց 2019-ի հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և «Ջոն և Սոս Բալյան հիմնադրամի» միջև կնքված համագործակցության պայմանագրին:
Ավելի քան 1.65 մլն դոլար արժեցող ներդրումային ծրագրով նախատեսվում է թանգարանի անմիջապես հետնամասում կառուցել նոր` ժամանակակից տեխնոլոգիաներով մասնաշենք, որը ճարտարապետությամբ պետք է համահունչ լինի տարածքին, բայց միաժամանակ՝ հագեցած նորարարական տեխնոլոգիաներով: Այս հատվածում կտեղակայվեն նոր ցուցասրահներ, որտեղ կլինեն անիմացիոն ցուցադրություններ, և այցելուները Երևանի պատմությանը կծանոթանան վիրտուալ շրջագայությամբ: Տարածքում կբացվեն նաև գիտական լաբորատորիաներ: Շինարարության համար կհայտարարվի նախագծերի մրցույթ»,- գրել է Կարապետյանը: