ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute, IRI) հրապարակած հարցումը, որով իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը, իսկական փոթորիկ է առաջացրել ՍԴ-ն ամեն գնով յուրացնելու փորձ անող իշխանության շրջանում: Պատճառը պարզ է՝ IRI-ի հարցումը ոչնչացնում է անձամբ Նիկոլ Փաշինյանի «հիմնավորումը», թե ՍԴ ներկայիս կազմը չի վայելում ժողովրդի վստահությունը: Հիշեցնեմ, որ համաձայն IRI-ի հարցման՝ ժողովուրդն ավելի շատ է վստահում ՍԴ-ին, քան օրինակ վարչապետի ձեռքին պատվերով գործ կարելու գրասենյակի վերածված դատախազությանը:
Զավեշտալին այն է, որ իշխանության ամենավերին օղակներից հրահանգված է IRI-ի հարցումը զանկացած ցնով նսեմացնել: Այսպես. դաշտ է նետվել հերթական աբսուրդային «հիմնավորումը», թե նույն հարցմամբ՝ գործադիր իշխանությանը մի քանի տոկոսով ավելի շատ են վստահում, քան Սահմանադրական դատարանին, ուստի գործադիրը կարող է ՍԴ նոր կազմ ստեղծել: Բնականաբար, զրո խոսակցություն դատախազության նոր կազմ ստեղծելու մասին: Ինչու՞, պատասխանը շատ պարզ է՝ դատախազությունը, շրջանցելով Սահմանադրությունն ու օրենքները, մի կողմ դնելով մասնագիտական խիղճն ու էթիկան, իրականացնում է վարչապետի բոլոր քմահաճույքները: Ուստի դատախազությանն ու մյուս գործ կարողների գրասենյակներին ձեռք տալ չի կարելի:
Բայց սա դեռ ամենը չէ: IRI-ի հարցման վերաբերյալ իշխանության պրոպագանդան տեղեկատվական դաշտ է բերում մասնագիտական տեսանկյունից վաղուց սպառված և բազմակի օգտագործված պերսոնաժների կարծիքը: Այս մարդիկ իրենց «մասնագիտական» դիտարկումներով պնդում են, որ ՍԴ մասով IRI-ի հարցումն օբյեկտիվ չէ, արված է թերի թիրախային խմբերի ընտրությամբ: Պատկերացնու՞մ եք՝ ու՞ր է հասել զավեշտը: Իշխանությունը IRI-ի հարցումների միայն ՍԴ մասն է փորձում մասնագիտական կասկածի տակ առնել, մնացածում՝ խնդիր չի տեսնում: Ցավալին այն է, որ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, որ իր քարոզչական թիմն անպիտան է, իսկ ժողովրդին երկար մոլորեցնել ոչ մեկին դեռ չի հաջողվել: