2020-ին 1-ին անգամ մենք առաջ կանցնենք Ադրբեջանին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի չափով։ Վերջին տասնամյակներում սա առաջին անգամ է լինելու մեր տարածաշրջանում, քանի որ միշտ հետ ենք եղել Վրաստանից ու Ադրբեջանից։
Նման միտք հայտնեց վարչապետը 2020-ի բյուջեի քննարկման ժամանակ։
Սա սուտ է, և վե՛րջ։ Սա «լայքի» գերի լինելու վկայություն է։ Նաև հնչեղ վերնագիր ստանալու համար արված հայտարարություն է։
Համաշխարհային բանկի ներկայացրած տվյալներով նախորդ դարի 90-ականների կեսերին, այսինքն՝ պատերազմից հետո, 1 շնչին բաժին հասնող ՀՆԱ ցուցանիշով մենք երկու տարի շարունակ մի փոքր առաջ ենք եղել Ադրբեջանից։ Սա Փաշինյանի ներկայացրած «տասնամյակների» տիրույթում է գտնվում։
Ինչ մնում է Վրաստանին, ապա 2005-ից մինչև 2009 թվականը 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով մենք առաջ էինք մեր հարևանից։ Պատահական չէ, որ այդ տարիներին Վրաստանից բիզնեսներ էին տեղափոխվում Հայաստան։ Այդ հետո պետք է հակառակ գործընթացին ականատես լինեինք։ 2005-2008թթ. էլ է մտնում «նախորդ տասնամյակների» ժամանակային հատվածում։
Մի խոսքով` հերթական սխալ ցուցանիշները մատուցվեցին հանրությանը։ Դա նշանակում է, որ կա՛մ Փաշինյանին են խաբել իր թիմակիցներն ու սխալ թվեր հրամցրել՝ անհարմար վիճակի մեջ դնելով, կա՛մ ինքն է ուզում խաբել հանրությանը՝ «աննախադեպ» երևալու մոլուցքից ելնելով։ Երկու դեպքում էլ վատ է։
Այս պատմության մեջ մի հարց է բաց մնում. համացանցի ու տեղեկատվության գերմատչելիության պայմաններում ինչո՞ւ են կեղծ ցուցանիշներ ներկայացվում։ Հաշվարկն այն է, որ անգրագետ Պողոսն իր անգրագետ բազմանդամ ընտանիքով, միևնույն է, չի՞ ստուգելու թվերը։ Հարցը հռետորական է։