Բլոգեր Սեդրակ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանդիպմանը ընդառաջ Երեկ ԵԱՀԿ միջոցով Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է իր դիրքորոշումը լուծման վերաբերյալ, որի հիմնական մասը նոր թարգմանեցի։ Բայց ամենակարևորը վերջում է․

«…Ադրբեջանը հավատարիմ է մնում հակամարտության քայլ-առ-քայլ կարգավորմանը, որը ընկած է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում ու ԵԱՀԿ որոշումների մեջ՝ մասնավորապես Բուդապեշտի 1994 թվականի գագաթնաժողովում»…։
\\ Այստեղ ամեն ինչ պարզ է՝ ՄԱԿ 4 իրենց հաճո բանաձևերը ու Բուդապեշտի գագաթնաժողովը, որտեղ պնդում էին, որ Ղարաբաղից զորքերը պետք է հանենք։

«…Առաջին քայլը պետք է լինի հակամարտության հիմնական հետևանքների վերացում, այն է Լեռնային Ղարաբաղից ու Ադբեջանի այլ օկուպացված տարածքներից հայկական զինված ուժերի անհապաղ, ամբողջական ու անվերապահ դուրս բերումը, որին պետք է հետևի Ադրբեջանի տարհանված բնակչության վերադարձը իրենց տներ ու ունեցվածքին այդ տարածքներում՝ անվտանգության ու արժանապատվության պայմաններում, շրջանի բոլոր կոմունիկացիաների բացում ու վերականգնում համատեղ օգտագործման ու այդ տարածքների տնտեսական զարգացման համար…»։
\\ Այսինքն նախորդ 20 տարիներին մեր դիրքորոշումը (որ մինչև ստույգ չհասկանանք ինչ կարգավիճակ է ունենալու Արցախը, որևէ քայլ արվել չի կարող, ու դա էսքան տարի աշխատել է) տվյալ դեպքում չի քննարկվում։ Նախ հողեր ենք տալիս։ Գնդակը, ըստ իրենց, մեր դաշտում է, մենք էլ պետք է խաղանք։

«…Հաջորդ քայլով պետք է մշակվի ու սահմանվի Լեռնային Ղարաբաղի բնակչության համար ինքնակառավարման կարգավիճակը՝ Ադրբեջանի տարածքի ներքո՝ Ադրբեջանի սահմանադրության ու օրենսդրության համապատասխան։ Նման կարգավիճակը պետք է ապահովի հայկական ու ադրբեջանական համայնքների խաղաղ համատեղ գոյությունը՝ ապահովելով բոլոր մարդու իրավունքները ու հիմնարար ազատությունները՝ հավասար ու առանց խտրականության։
Կարգավիճակի որոշումը պետք է տեղի ունենա խաղաղ պայմաններում օրինական գործընթացի միջոցով՝ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի շրջանի բնակչության ուղիղ, ամբողջական ու հավասար մասնակցությամբ, մասնավորապես հայկական ու ադրբեջանական համայնքների ու Ադրբեջանի կառավարության հետ նրանց կապի՝ օրինական ու ժողովրդավար գործընթացի արդյունքում…»։
\\ Տվյալ դեպքում հասկանում ենք ոչ միայն կարգավիճակը պարզ չի, բայց մեզնից հող են ուզում, այլ կարգավիճակը չի էլ կարող լինել որևէ ձև Ադրբեջանի կազմից դուրս։ Հողը տալիս ենք, հետո քննարկում ենք իրենց կազմում ինչ կարգավիճակ պետք է լինի՝ լինի դա նախկին մեզ համար միշտ անընդունելի «լայն ինքնավարությունը», թե մի գուցե նույնիսկ ավելի ցածր կարգավիճակ։

«…Ադրբեջանը չի դիտարկում հակամարտության որևէ քաղաքական որոշում այս շրջանակից զատ ու մասնակցում է գործընթացին այս գիտակցմամբ…»։
Սա ամենա հետաքրիրն է․ որևէ այլ տարբերակ ասում են, չենք էլ քննարկում։ Ավելին՝ էս տարբերակը միակ «քաղաքական» լուծման տարբերակն է, բայց այլ «ոչ քաղաքական» տարբերակներ էլ կան ենթադրվում է, այն է պատերազմը։

Այլ կերպ ասած․ այսօր Ադրբեջանը առաջ է քաշել փաստացի վերջնագիր։ Ու Լավրովի միասին հայտարարում են, որ հավատում են, որ ակնկալում են քայլեր՝ հարցը մեռյալ կետից շարժելու համար։

Հիմա հարց․ կարողա ես եմ կո՞ւյր ու սխալ կամ վատ եմ տեսնում, ինչի առաջ ենք կանգնած։ Թե բոլորն են կո՞ւյր։ Թե բոլորը տեսնում են, բայց բոլորն են հա՞մր։ Թե բոլորը համր չեն, բայց զանգվածները այլ խնդիրներով են զբաղվա՞ծ։ Էսօր անսպասելի Սերժ Սարգսյանին մեղադրանք են առաջադրել դիզելի չեկերի ինչ որ գործով։ Դե էտա, դրանից հետո ինչ Բռատիսլավա, ինչ Ղարաբաղ, թողեք սերիալը նայենք։ Էսօրվա սերիայում Սիսի Կեպվելին բռնում են։ Աղջի Ջուլիկ, էտ լամաջոն ինչ եղավ»։