Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քիչ առաջ հայտնի դարձավ, որ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

ՀՔԾ տարածած ծավալուն հաղորդագրությունից պարզ է դառնում, որ խոսքը պետական միջոցներով գյուղացիական տնտեսություններին տրամադրվող դիզելային վառելիքի բաշխման ապօրինի սխեմայի մասին է, որի միջոցով ավելի ցածր գին առաջարկած ընկերության հայտը մերժվել է՝ հօգուտ զգալիորեն ավելի բարձր գին առաջարկած, Սերժ Սարգսյանի մերձավոր Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերության:

 

Հաղորդագրությունում բերված են այդ գործընթացի բոլոր մանրամասները: Դրանք, սակայն, էական չեն: Շատ ավելի կարևոր է կատարվածի քաղաքական նշանակությունը: Փաստորեն, 10 տարի ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած, ըստ էության՝ 2008 թվականի Մարտի 1-ի հիմնական շահառուն համարվող, սկսած 1990-ականներից բազմաթիվ հնչեղ պատմությունների, այդ թվում՝ խոշորամասշտաբ ստվերային դրամական գործարքների հետ կապվող Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվում մոտ 1 միլիոն դոլարին առնչվող ինչ-որ պատմության առնչությամբ:

Սա նույնիսկ ծիծաղելի չէ:

 

Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը նպատակ է հռչակել Սերժ Սարգսյանի նկատմամբ որևէ մեղադրանքի առաջադրումը, գուցե՝ քարոզչական նպատակներով: Քարոզչական նպատակը գուցե կատարվի, հնարավոր է՝ հանրությունը որոշ ժամանակ քննարկի այս մեղադրանքը: Բայց դրանով, ըստ էության, մեծագույն նվեր կմատուցվի հենց Սերժ Սարգսյանին, որը, փաստորեն, բազմաթիվ ծանրագույն հանցագործությունների փոխարեն, հնարավորություն կստանա «ազատվելու» 1 միլիոնդոլարանոց այս գործով:

Ընդհանրապես, նախկին իշխանությունների գործունեության քրեաիրավական գնահատականը չպետք է ինքնանպատակ լինի: Դա պետք է կատարվի միայն ու բացառապես արդարադատության հաստատման, արդարության ու պետությանը պատճառված վնասների փոխհատուցման նպատակով:

Հակառակ պարագայում, երբ հանուն քարոզչական նպատակների, ըստ էության, ծիծաղելի մեղադրանքներ են առաջադրվում, արժեզրկվում է արդարադատության ու արդարության գաղափարն ինքնին»: