Ի՞նչ է ասում Հայկ Մարությանը՝
1. Կիրակի էր, չնայած աշխատում ենք 24/7 ռեժիմով, բայց «պրոտոկոլ» կանչեցինք եւ հանդիպեցինք:
2. Մենք պաշտոնական էինք հագած, իրենք ջինսերով էին:
3. Հեռախոսով էին խոսում, ես էլ մտածեցի հետաքրքիր չի հանդիպումը:
3. Իրենք կենտրոնում էին տարածք ուզում, մենք կենտրոնում տարածք չունեինք:
4. Իրենք չեն ասել, որ հիվանդանոցը բարեգործական նպատակ ունի:
Ի՞նչ է ասում Ծառուկյանը՝
1. Հայկ Մարությանը ուշացել է հանդիպումից:
2. Մեծ ներդրումներ էին բերում, բայց անտակտ պահվածքի պատճառով հեռացան:
3. Զանգերին պատասխանել են, բայց ներողություն խնդրելուց հետո:
4. Այո, կենտրոնում էին տարածք ուզում, թեկուզ վթարային շենքերի տարածք:
Սա բանակցություններ վարել չիմանալու պարզագույն օրինակ է, թե ինչպես ձախողել միլիոնանոց գործարքը, որովհետեւ հանգստյան օրով ստիպված ես եղել գործի գալ, որովհետեւ զանգել է վարչապետը: Այսպիսի դեպքերում նյարդերիդ վրա սկսում են ազդել բոլորն ու ամեն ինչ: Սկսում ես նկատել բանակցության եկած մարդկանց ոչ թե առաջարկած միլիոնները, այլ ջինսերը, հեռախոսազանգերը, գլխաշորը, աչքի ճպուռները:
Երբ այս պատմությունից հանում ես ջինսերը, հեռախոսազանգերը, ուշանալ չուշանալը, տակը մնում է հետեւյալը՝ քաղաքապետը ձախողել է քաղաքում խոշոր ներդրում անելու հնարավորությունը: Այսինքն՝ քաղաքապետի կիրակնօրյա հանգիստը խանգարելը Երեւանի վրա միլիոնավոր դոլարներ է արժեցել: