Արդեն չորս օր է՝ ԶԼՄ-ներում և սոցցանցերում ակտիվ քննարկվում է Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի աղբահանության համար օգտագործվող 54 աղբատար մեքենաներից 21-ի նվիրատուների ով լինելը: Խնդիրն այն է, որ մայրաքաղաքի իշխանությունները բացահայտեցին, որ թափանցիկ չեն աշխատում: Ինչու՞ պետք է աղբահանության համար նվիրատված մեքենաների մասին հանրությունը ժամանակին չիմանար քաղաքապետից, այլ վերջինս ստիպված էր այդ փաստը բացահայտել ավագանու նիստի ժամանակ ավագանու անդամներից մեկի հարցադրման արդյունքում: Ավելին՝ Երևանի քաղաքապետը, մինչև նոյեմբերի 28-ը տառապելով ամնեզիայով, չէր ցանկանում հիշել, թե ովքեր և որ կազմակերպություններն են այդ մեքենաները նվիրել մայրաքաղաքին:
Նախ՝ սկսենք նրանից, որ աննորմալ երևույթ է, երբ Երևանի քաղաքապետարանն իրեն թույլ է տալիս ստանալ այդպիսի նվերներ: Դա բացահայտ կոռուպցիա է: Ինչպես ասում են, անվճար պանիրը լինում է միայն թակարդում: Ի՜նչ նվիրատվության մասին է խսքը: Համոզված եմ, որ այս տեսակ նվիատվություններ անողներն ունեն սեփական շահերը և սպասելիքները քաղաքապետարանից, որի ապացույցները նոյեմբերի 28-ին ներկայացրեց հենց քաղաքապետարանը՝ հրապարակելով այն 5 կազմակերպությունների անունները, ովքեր մայրաքաղաքին նվիրել են 21 աղբատար մեքենա:
Այսպես՝ Երևանի քաղաքապետարանին 14 մեքենա նվիրած «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, որը գրանցվել է 2019 թ.-ի հունվարին, պատրաստվում է Երևանում 6 հատ 18-հարկանի շենք կառուցել: Այս բացահայտումից հետո որևէ մեկը կարո՞ղ է հայտարարել, որ այդ 14 մեքենաները վերը նշված ընկերությունն առանց հետին մտքերի է նվիրել մայրաքաղաքին: Իհարկե ո՛չ: Այս ամենից բացահայտ կոռուպցիոն գործարքի հոտ է գալիս: Ինչպե՞ս կարող էր ընդամենը սույն թվականի հունվարին գրանցված կազմակերպությունը, որն, ըստ օդում կախված տեղեկությունների, չունի շինթույլտվություն, հենց այնպես Երևանում բուռն շինարարական գործունեության թույլտվություն ստանալ: Ենթադրում եմ, որ «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն այդ ամենը վաստակել է 14 աղբատար մեքենա նվիրելով քաղաքապետարանին:
Խիստ կասկածելի էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի արձագանքն այն հարցին, թե արդյո՞ք գործարար Սամվել Ալեքսանյանը ևս աղբատար մեքենաներ է նվիրել քաղաքապետարանին: Պարոն Մարությանը պատասխանեց, որ չի հիշում, իսկ նոյեմբերի 28-ին նրա «խնչագետ» մամլո խոսնակը, անցնելով բոլոր բարոյական սահմանները, փորձում էր հասարակությանը համոզել, որ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որը քաղաքապետարանին 3 աղբատար է նվիրել, Սամվել Ալեքսանյանինը չէ, և դա ապացուցում էր նրանով, որ վերը նշված կազմակերպության հիմնադիրն այլ մարդ է: Տեսնես «խնչագետ» նախկին լրագրողն իր ասածին գոնե հավատո՞ւմ է: Տխրեցնեմ նրան և հիշեցնեմ, որ նույն Ալեքսանյանը երբեք չի հերքել, թե իրականում ով է կանգանծ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի հետևում:
Չեմ զարմանա, եթե պարզվի, որ Հայկ Մարությանը պարոն Ալեքսանյանին և մյուս գործարարներին, ովքեր ևս աղբատար մեքենաներ են նվիրել Երևանի քաղաքապետարանին, ինչ-որ ձևաչափով շնորհակալություն հայտնի, ինչպես, ասենք, «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին հայտնեց՝ թույլ տալով վերջինիս մայրաքաղաքում կառուցել 6 հատ 18-հարկանի շենք:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին նախորդ իշխանություններին արդարացիորեն քննադատում էր որոշ գործարարների և օլիգարխների գերին լինելու համար, որոնք հովանավորում էին իշխանավորներին՝ դրա դիմաց ստանալով այն ամենն, ինչ ցանկանում էին: Սակայն վերջին սկանդալային բացահայտումները՝ կապված Երևանի քաղաքապետարանի կողմից նվեր ստացված 21 մեքենաների հետ, ապացուցում են, որ Հայաստանում այս ոլորտում ոչինչ չի փոխվել:
Երևանի իշխանությունները՝ ի դեմս Հայկ Մարությանի, դարձել են կոռուպցիոն սկանդալի հեղինակներ՝ դառնալով գերին այն գործարարների, որոնք աղբատարներ են նվիրել քաղաքապետարանին:
Հ.Գ. Համոզված եմ, որ այդ նվեր ստացած «զիբիլի ավտոների» սկանդալային պատմության մասին լավատեղյակ է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տեսնենք՝ երբ է վերջինս Սպայդերմենի պես հայտնվելու և, ինչպես որոշ ժամանակ առաջ փրկեց սուպերնախարար Արայիկ Հարությունյանին, այնպես էլ այս խայտառակ պատմությունց փրկելու Հայկ Մարությանին: