Հայաստանում հաստատված «խոսքի ազատության» ռեժիմը անհապաղ պետք է փոխել «խոսքի պատասխանատվության» ռեժիմի:

Հատկապես եթե «խոսքի ազատությունը» մարդիկ շփոթում են հայհոյելու, զրպարտելու և զազրախոսելու ազատության հետ:

Այս իրավիճակը երկար չի շարունակվելու, մենք ուզենք թե չուզենք, շուտ թե ուշ, միևնույնն է, վերադառնալու ենք մեր արմատներին, որտեղ մեծին հարգել ու լսել կար, ընտանիքի՝ կնոջ ու երեխաների անձեռնմխելիություն կար, փոքրին սիրել ու օգնել կար, խոսելուց առաջ մտածել կար, ասածների ու արածների համար պատասխան տալ կար, արժանիքի ու վաստակի գնահատում ու արժևորում կար:

Մանկամիտներն ու տկարամիտները, որոնց կյանքի միակ հաջողությունը ժամանակին ու տեղին քայլելն էր, արդեն նախկին նախագահներին են վիրավորում, մարտական ուղի անցած գեներալներին են անպատվում, վաստակաշատ գիտնականին ու մանկավարժին են ստորացնում:

Սա մերը չի, սա օտար է ու խորթ, և ոչ մի պարագայում սազական չէ մեր ազգին: Մեզ թունավորել են, վարակել են ատելության ու լակոտության վիրուսով: Մեր հասարակության մարգինալ հակամարմինները, իրենց ագրեսիվությամբ, աղմկոտոթյամբ, լաչառությամբ ու անդաստիարակությամբ ճնշում են մարմիններին:

Այս վիճակը շուտով կավարտվի և ամեն ինչ կվերադառնա իր բնական հուն, և այդժամ վրա է հասնելու խոսքի ու գործողությունների պատասխանատվության պահը: