ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հույսի վաճառականը. Մաս 1-ին Սեր և համերաշխություն… Ինչպես տեր Հիսուս Քրիստոսը սեր քարոզողը….
Նիկոլ Փաշինյանը (հույսի վաճառականը) հենց ամենասկզբում իր գործունեության հիմք հռչակել էր սերը եւ հանդուրժողականությունը, իսկ վերջերս էլ հայտարարեց, որ ինքը, ինչպես տեր Հիսուս Քրիստոսը, սեր է քարոզում:
Բացելով տուփը, որի վրա «ՍԵՐ» էր գրված ՀՀ քաղաքացին գտավ… «ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ձեռնարկը, որտեղ մանրամասն նկարագրված էին անսահման «սիրո» բոլոր դրսևորումները բոլոր այլախոհների հանդեպ' «ժողովրդի» տարբեր ներկայացուցիչների կատարմամբ' «sev hovaz» անունով օգտատիրոջից, մինչև «matnahardarman paraganer» օգտատեր:
Փաշինյանն էլ այդ ընթացքում անխնա, աջ ու ձախ սեր էր քարոզում ու քարոզում' էլ ասֆալտին է փռում, էլ պատերին է տալիս, էլ ծեփում է պատերին, հայտնաբերում է վնգստացողների և սիրո այլ դրսևորումներ:
Այս համատեքստում երկու խումբ հարցադրումներ կան, որոնց պիտի պատասխանի Ն. Փաշինյանը:
1. խումբ հարցեր
Հարգելի՛ Նիկոլ
Եթե անգամ մի պահ ընդունենք, որ ինչպես դուք եք պնդում' սիրո քարոզիչ եք, մեզ ինչ-որ կերպ կհուշեք, թե որտեղ որոնել և գտնել Ձեր քարոզած սերը։ Կասեք՝ դա ո՞րտեղ է երևում: Առհասարակ, ընտանիքի ավագը, որևէ հաստատության ղեկավարը, թիմի լիդերը, էլ չեմ ասում երկրի ղեկավարը իր իրավասության, գործունեության, և սոցիալական պատասխանատվության տիրույթներում համերաշխություն ու ներդաշնակություն հաստատելու առաքելություն ու ֆունկցիա ունի:
Կասեք՝ ի՞նչ եք Դուք՝ որպես երկրի ղեկավար, արել, որ կանխեք կույր ու անբռնազբոս ատելության տարածումը կամ հանրային համերաշխություն հաստատեք: Ի՞նչ եք արել, որ բանավեճը քաղաքական ընդդիմախոսների հետ լինի կիրթ, կառուցողական ու բովանդակային, որ էժանագին շոուի չվերածվի: Ո՞րն է եղել Ձեր ՔԱՅԼԸ: Իսկ ձեզ պատկանող ընտանեկան թերթում տպագրված հոդվածը համարո՞ւմ եք սիրո քարոզ թե ասենք ձեր քարոզած ու սերմանած ատելության արդարացու՞մ:
Դուք հավանաբար կասեք, որ նախկիններն են իրենց վարքագծով նպաստել այդ ատելության տարածմանը: Գուցե որոշ դեպքերում ձեզ հետ համաձայնվեմ: Բայց մինչ այդ թերևս արժե, որ պատասխանեք որոշ հարցերի.
Դուք իրոք մտածու՞մ եք, որ այնքան անսխալական եք, /Հիսուս Քրիստոսի պես/ որ ձեզ քննադատում են միայն նախկինները, իսկ դիտարկե՞լ եք տարբերակ որ գուցե Ձեզ քննադատում են մարդիկ, որոնք սկզբունքներ ունեն, ինքնասիրության ու պատվի կորստի գնով պաշտոն չեն ուզում և որովհետեւ ուղղակի Ձեր քաղաքականության մեջ տեսլական չեն տեսնում։
Բացի այդ դուք իրոք համարու՞մ եք, որ ձեր ցանկացած քննադատ «թալանչի» ու կոռումպացված է, կամ էլ արդարացնու՞մ է նախկին իշխանության թերություները կամ հանցագործներին: Իսկ գուցե Ձեր քննադատներից շատերը դեմ չեն, որ հանցագործները պատժվեն, միայն թե չեն ընդունում, որ դուք Ռոբին Հուդն եք կամ Հիսուս Քրիստոսը: Նրանք հիմնավոր կասկածներ ունեն, որ դուք երկրի վարչապետ եք, ու պիտի զբաղվեք տնտեսությամբ, իսկ ԳՐԱԳԵՏ իրավապահները ու ԱՆԿԱԽ դատարանները այդ «չարաբաստիկ» հանցագործներով:
2-րդ խումբ հարցեր
Հարգելի՛ Նիկոլ
Ներողություն չե՞ք ուզում խնդրել այն անձանցից ում խանութները եւ արտադրանքը Դուք կոչ էիք անում բոյկոտել «Հին Հայաստանում»։ Գիտե՞ք ինչու եմ հարցնում: Դուք նրանց նկատմամբ ատելություն էիք սերմանում, ասում էիք ժողովրդից գողանում են, մենաշնորհներ ունեն, բայց պարզվեց նրանք այնքան էլ վատը չեն, նույնիսկ այնքան վատը չեն, որ այդ նույն մարդկանց գործարանների բացմանն եք մասնակցում, գովաբանում եք նրանց, սելֆի եք անում և այլն:
Եթե դժվար չէ, կբացատրեք ի՞նչ քավարանի միջով են անցել բազմաթիվ նախկիններ, որ ատելության խորհրդանիշից արդեն «Նոր Հայաստանում» վերածնվել են որպես սիրո առաքյալներ: Ըստ ձեր թերթի' ատելության մեղմման համար նվազագույնը անհրաժեշտ է զղջում. խնդրում եմ կասե՞ք, իրենք ե՞րբ են զղջացել, ո՞ր պահն է եղել այդ պատմական պահը՝ Սերժից բամբասելու, Նիկոլին գովաբանելու թե հայտնի հիմնադրամին գումար տալու պահը: Իսկ Ձեր բացառիկությունն ընդունելը զղջու՞մ է թե մեղքերի թողություն:
Մեկ առիթով ձեզ ասել եմ, հիմա էլ հարց եմ տալիս հպանցիկ հայացք գցե՞լ եք ձեր ԱԺ եւ կառավարության վրա, տեսե՞լ եք քանի նախկին պաշտոնյա կա այնտեղ: Նրանք ատելի չեն, որովհետև ձեզ են սիրում, թե՞ որովհետև զղջացել են:
Եվ վերջում, հարգելի՛ Նիկոլ մտածե՞լ եք երբևէ, որ գուցե ենթագիտակցորեն դուք սկսել եք ՍԻՐԵԼ բոլոր նրանց, ում դեմ պայքարում եք ու ատելի դարձնում, որովհետեւ քանի դեռ կան նրանք, Դուք կարող եք գոյություն ունենալ, քանի դեռ կան նրանք ձեզնից ոչ ոք բարեփոխում չի ակնկալելու, իսկ դուք էլ դրանով կառավարելու և ուղղորդելու եք հանրային գիտակցությունը:
Բարին ընդ ձեզ»: