Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքի բոլոր այն փողոցներում, որոնք 6 և ավելի երթևեկելի գիծ ունեն, հետիոտնային անցումների կարգավորումը կվերանայվի:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր Ավագանու հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ երթևեկության անվտանգության բարձրացման նկատառումներով հանձնարարել է գույքագրել բոլոր խնդրահարույց հետիոտնային անցումները:

Քաղաքապետը նշեց, որ պետք է բացառել 6 և ավելի երթևեկելի գոտի ունեցող փողոցների վրա չկարգավորվող հետիոտնային անցումների գոյությունը: Այդ հատվածներում կա՛մ կտեղադրվի ձեռքով կարգավորվող լուսացույց, կա՛մ կկառուցվեն վերգետնյա կամ ստորգետնյա անցումներ: Քաղաքապետարանը այս հարցում սերտորեն համագործակցում է ոստիկանության ՃՈ ծառայության հետ:

Հայկ Մարությանը նշեց նաև, որ երթևեկության հետ կապված այս և այլ կարգի խնդիրները, այդ թվում՝ խցանումները, զգալիորեն կապված են տրանսպորտային համակարգի անբավարար վիճակի հետ: Նրա խոսքով՝ քաղաքի ֆունկցիոնալության հետ առնչվող մի շարք հարցեր համակարգային լուծում կստանան տրանսպորտի ռեֆորմին զուգահեռ, որը կիրականացվի հնարավորինս արագ:
Հարցի վերաբերյալ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ վերջնականապես պարզ կլինի տրանսպորտային ռեֆորմի իրականացման ֆինանսական աղբյուրների հարցը և մոտակա ժամանակներս քաղաքապետարանը հանրությանը կներկայացնի տրանսպոտի հարցով առկա լուծումներն ու ժամկետները:
Փոխքաղաքապետ Սարգսյանը հայտնեց նաև, որ օրերս հանդիպում է ունեցել ուղևորափոխադրող մասնավոր կազմակերպությունների հետ, որի ընթացքում բարձրացվել է գործող համակարգում ուղևորների սպասարկման մակարդակը հնարավորինս բավարար վիճակում պահելու հարցը»: