"Հայաստանում կոռումպացված ռեժիմի հիմնադիրներից մեկը Լևոն Տեր-Պետրոսյանն է". ԱԺ նախագահ Ա.Միրզոյան
Նոյեմբերի 20-ին, ելույթ ունենալով Միլանի Հայ առաքելական եկեղեցում հավաքված տեղի հայության առաջ և պատասխանելով վերջիններիս հարցերին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց."Վարչապետը, որը չունի ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար... Այնպես, ինչպես, կներեք, չարիք են եղել բոլոր ղեկավարները, սկսած 1996 թ-ից և որ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը...": Այսպիսով, պարոն Փաշինյանը "չարիքների"՝ ընտրությունները կեղծելու միջոցով իշխանությունը պահելու շարքին դասեց նաև ՀՀ առաջին նախագահին, ինչը բուռն արձագանք գտավ վերջիններիս կողմնակիցների մոտ... Գործը հասավ նրան, որ ՀՀՇ-ՀԱԿ որոշ կարկառուն դեմքեր պարոն Փաշինյանին ոչ միայն հակադարձեցին, որ "չարիքը" վերջինս է, այլև անցան անձնական վիրավորանքների...
Պարզվում է, այս իշխանությունների մեջ, պարոն Տեր-Պետրոսյանի մասին միայն Փաշինյանը չէ, որ վատ կարծիք ունի... Այսպես, համացանցում բավական ակտիվ տարածվում է մի տեսանյութ, որտեղ ԱԺ ներկայիս նախագահ Արարատ Միրզոյանը, արձագանքելով պարոն Փաշինյանի ներկայիս մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանին և անդրադառնալով պարոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին, հայտարարում է. "...դրա մեղավորը կոռումպացված ռեժիմն է, որը հիմնադրվել է այդ թվում նաև ձեր նշած Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից... Գոնե մի խոսեք... 95-96 թվականների ընտրությունները կեղծմամբ չսարքեցիք այս ամեն ինչը՛...":
Հետաքրքիր է, պարոնայք Փաշինյանն ու Միրզոյանը, որպես երկրի առաջին դեմքեր կբացատրեն, թե իրենց կողմից որպես "չարիք" բնութագրվող, ընտրակեղծարարության և Հայաստանում կոռումպացված ռեժիմի համահիմնադրման մեջ մեղադրվող Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ ինչու՞ մեղադրնաքներ չեն առաջադրվում... Ավելին, ոչ միայն պարոն Տեր-Պետրոսյանին մեղադրանքներ չեն առաջադրվում սահմանադրական կարգի տապալման (1996 սեպտեմբերի վերջին զորքեր էր մտցրել Երևան), ընտրությունները կեղծելու և դրանից բխող այլ հանցագործությունների մեջ, այլև համագործակցում են ՀՀ առաջին նախագահի թիմի հետ, որոնցից շատերը, այդ թվում նույն Վլադիմիր Կարապետյանը, ում պարոն Միրզոյանն "ասֆալտին փռեց", այժմ բարձր պաշտոններ են զբաղեցնում կառավարությունում և ԱԺ-ում...
Հ.Գ.Ինչպես միշտ, պարոն Փաշինյանն առաջնորդվում է երկակի ստանդարտներով...