15:41
Գեորգի Ասցատուրյան. «Չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կարող է լինել, եթե փոքրիկներից որեւէ մեկը ընկնի վառարանի վրա…»

Ֆեյսբուքյան օգտատեր Գեորգի Ասցատուրյանը ֆեյսբուքում գրել է.

«Ճարտարապետական նախագծիս հեղինակային վերահսկողության նպատակով այսօր մեկնել էի Միջնավան։

Միջնավան հասնելու ճանապարհին է գտնվում Երիցվանք գյուղը, որտեղ եւ կանգ առանք՝ ծանոթանալու անցյալ տարի մի բազմազավակ ընտանիքի համար կառուցված տան վիճակին։ Այնտեղ տեսածից մինչեւ հիմա ուշքի չեմ գալիս… Լոկալ ապոկալիպսիս կորակեի այդ տանը բնակվող 4 անչափահասների վիճակը։ Անհնար էր այս մասին չբարձրաձայնել։ Եւ քանի որ չգիտեմ կոնկրետ որ մարմիններն են զբաղվում նման հարցերով, հուսամ՝ կօգնեք ինձ այդ հարցում։

Եթե կարծում եք նկարից պարզ է՝ ինչ կատաստրոֆիկ պայմաններում են գոյություն քարշ տալիս այս փոքրիկները, ապա չարաչար սխալվում եք…

Հիմա նկարագրեմ. դռան փականը կոտրված, դուռը (գոմի դռնից վատ վիճակում) բաց՝ բոլոր քամիների առաջ, իսկ տանը 4 անչափահաս երեխա, որոնցից 2-ը՝ մանկահասակ։ Տանը տիրում էր կատարյալ հակասանիտարիա, հարբուխով հիվանդ լինելս նույնիսկ չօգնեց խուսափել տան, մեղմ ասած, ծանր հոտից…

Երեխաները հավաքվել էին վառարանի շուրջ՝ կեղտոտ ու հալումաշ լաթերով, անլվա, անխնամ, գուցե նաեւ՝ կիսասով։
Տանը գոյություն չունի տարրական կենցաղային պայմաններ, ամենուր թափված են լաթեր, սննդի մնացորդներ, ամիսներով չլվացված կաթսաներ, այսուայնկողմ գոյացել էին կեղտաբլուրներ…Նույնն է նաեւ տան հարակից տարածքը։

Նշեմ, որ տանը մեծահասակ չկար, երեխաները թողնված էին բախտի քմահաճույքին, ու ես չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կարող է լինել, եթե փոքրիկներից որեւէ մեկը ընկնի վառարանի վրա…

Այսուայնկողմ թափված ճմռթված ու կեղտոտ դասագրքերից կարելի է ենթադրել, որ երեխաների ուսման կարեւորության մասին ծնողները շատ վաղուց են մոռացել։

Երեւի այսքան թվարկածներս էլ հերիքի՝ վստահ լինելու համար, որ այս տան 4 անչափահասների կյանքը վտանգված է` կենցաղային, սոցիալական ու նույնիսկ ֆիզիկական իմաստով»։

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս