Ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տված հարցազրույցում անդրադառնալով Արցախի հարցի կարգավորման գործընթացին' ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կրկնեց «Ես Հայաստանի առաջին առաջնորդն եմ, որը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար» արդեն ձանձրույթ պատճառող հանգերգը:
Ավելի վաղ առիթ եմ ունեցել ընդգծելու, որ նման իմաստազուրկ հայտարարություն կատարելով Նիկոլ Փաշինյանը կրկին «հեծանիվ է հորինում», քանի որ կարիք չկա ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու կամ նույնիսկ քաղաքագետ լինելու՝ հասկանալու համար, որ առանց այդ տարրական սկզբունքի ընկալման ընդհանրապես խաղաղության պայմանագիր չի կարող լինել, ու հենց այդ սկզբունքի շուրջ են այսքան տարի բանակցել թե՛ Ռոբերտ Քոչարյանը և թե՛ Սերժ Սարգսյանը (հղումն՝ այստեղ)։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այդ կապակցությամբ իր բանաձևի մասին հարցումին, խուսափելով նման ձևաչափով հարցի կարգավորման իր տեսլականը ներկայացնելուց, հայտարարեց, որ լուծման «պատրաստի տարբերակներ չկան», ու այդ կապակցությամբ պիտի քրտնաջան աշխատել: Շատ պարզ է, որ այն պայմաններում, երբ Հայաստանի ու Արցախի ժողովուրդների համար ընդունելի միակ լուծումը 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքներով ամրագրված Արցախի Հանրապետության պաշտոնապես ճանաչումն է, իսկ ադրբեջանական կողմի ախորժակը, գերազանցելով Արցախի սահմանները, հասնում է մինչև Երևան, լուծման նման տարբերակ ընդհանրապես գոյություն չի կարող ունենալ, այլ խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հորինել է հեծանիվ՝ մոռանալով, որ դրան նաև անիվներ են հարկավոր:
Անկասկած, Արցախի հարցի կարգավորման ցանկացած լուծում ընդունելի պիտի լինի Ադրբեջանի ժողովրդի համար, բայց մինչ այդ հակառակորդի շահերը պաշտպանելու փոխարեն նախ՝ անհրաժեշտ է նրան հասկացնել, որ ինքը պատերազմում պարտություն կրած կողմն է, ինչը կարծես թե ՀՀ վարչապետի բանակցային տրամաբանության մեջ որևէ տեղ չի զբաղեցնում՝ դատելով հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված այն մտքից, թե «մենք խոսում ենք հակամարտության կարգավորման մասին, այլ ոչ թե կողմերից մեկի հաղթանակի կամ պարտության մասին»: