Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ արդեն սկսել են շահարկել Կոտայքի մարզում ժամեր առաջ հայտնի դարձած ողբերգական պատահարը երեխաների մահվան մեջ մեղադրելով իրեն։
«Արդեն սկսել են շահարկել Կոտայքի մարզում ժամեր առաջ հայտնի դարձած ողբերգական պատահարը' երեխաների մահվան մեջ մեղադրելով ինձ,քանի որ նրանցից երկուսը՝ 15 և 14 տարեկան քույր ու եղբայրը գիշերօթիկի սան են եղել: Նրանք (ինչպես մինչ այս բոլոր շաբաթ-կիրակիները) ապրել են տատիկի հետ:
Ըստ նախնական տեղեկությունների' նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից:
Ծնողները ամուսնալուծվել ու մեկնել են երկրից, տատիկը և 4 թոռնիկներն ընդգրկված են եղել սոցիալական ծրագրերում, մասնագիտական ուսուցման ծրագրեր են նախատեսվել եղբոր համար, երեխաները դեռևս սեպտեմբերից վերադարձել են ընտանիք և ապրել են իրենց օրինական խնամակալի՝ տատիկի հետ, ով սիրել և հոգ է տարել նրանց մասին:
Մեծ ցավ եմ ապրում պատահածի համար: Եթե որևէ մեկը, այդ թվում' նախարարությունը և ես անձամբ, մեղավոր է այս դժբախտ պատահարի համար, իրավապահ մարմինները պետք է անկաշկանդ գործեն:
Իսկ երեխաների հետ կատարված նման դեպքը շահարկողների բարոյական նկարագիրը թողնում եմ ձեզ:
Զգույշ եղեք և հետևեք անվտանգության կանոններին»,- գրել է նա: