Այսօր կառավարության նիստին վարչապետ Փաշինյանն ամենայն լրջությամբ հայտարարել է, որ ԱԱԾ-ին հանձնարարական է տվել՝ պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները: Անվտանգության խորհրդի քարտուղարն էլ հայտարարում է, որ անհրաժեշտություն կա փարատելու սատանիզմի կապակցությամբ որոշ անհատների մոտ առկա մտահոգությունները:
Սա ոչ այլ ինչ է քան հերթական կեղծ օրակարգի մատուցում հանրությանը: Եթե կառավարությունն իսկապես մտահոգված է հասարակության այս կամ այն մասի մոտ առկա մտավախություններով՝ նույնիսկ այնպիսի մտավախություններով, որոնք որևէ կերպ իր լիազորությունների դաշտում չեն, օրինակ սատանիզմը, ապա առնվազն պետք է:
1. հանդիպեր դասադուլ անող ուսանողների հետ՝ պարզելու ու փարատելու նրանց մտահոգությունները: Սակայն ԿԴՄՍ նախարարը բավարարվեց բողոքի ակցիա անող ուսանողների անդաստիարակ անվանելով, իսկ վարչապետը հայտարարեց, որ չի կիսում նրանց տեսակետը:
2 որոշ անհատների մոտ, իսկ այս դեպքում, դա մեր հասարակության բավականին մեծ մասն է, կանխատեսելի մտահոգությունները չհարուցելու համար չֆինանսավորեր «Մել» ֆիլմը: Իսկ վարչապետը հայտարարեց, որ Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է:
3. Ստամբուլյան կոնվենցիայի վավարեցումը պետք է հանվեր գործող իշխանությունների օրակարգից ընդհանրապես:
Այս շարքը կարելի է շարունակել…
Բայց իշխանություններն այս խնդիրներին և մտահոգություններին նախընտրում են չանդրադառնալ, այս հարցերով մտահոգված անհատներին պիտակավորում են: Փոխարենը, վարչապետն իր ֆեյբուքյան էջում գրառումներով փորձում է սատանիզմի թեման պահել հանրային քննարկումներում, իսկ հետո դարձնել ոչ ավել ոչ պակաս ԱԱԾ հանձնարարական:
Ինչո՞ւ: Միգուցե անհրաժեշտ է ավելի լուրջ խնդիրներից ու ձախողումներից հասարակության ուշադրությունը շեղել, իսկ բոլոր հնարավոր միջոցներն արդեն սպառվել են և միակ հույսը մնացել է սատանիզմը