Փարիզում տեղի ունեցած վարպետաց դաս ձևաչափով թեմատիկ քննարկմանը վարչապետի ելույթը Ղարաբաղի վերաբերյալ ոչ միայն խնդրահարույց կետեր է պարունակում, այլ նաև վառ ապացույցն է նրա, որ մեր երկրի ղեկավարը հակամարտության բանակցային պատմության մասին բավականաչափ գիտելիքներ չունի:
Անդրադառնամ դրանց հերթականությամբ'
1. Նախ' վարչապետն իր ելույթում կրկին նշեց այն միտքը, որ «ինչպես Ադրբեջանն անջատվեց ԽՍՀՄ-ից, այնպես էլ ԼՂ-ն անջատվեց Ադրբեջանից»…
Հարկ է պարզապես հիշեցնել, որ 1991թ.-ին ԼՂԻՄ-ը իրավազոր էր իր որոշումը կայացնել ԽՍՀՄ գործող օրենքներով ու միջազգային իրավունքի տեսանկյունից: Հետևաբար, 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանին ընդունվեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին' հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի Խորհրդային Միության Գերագույն խորհրդի «Խորհրդային Միության կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը: Այդ օրենքի առանցքը Խորհրդային Միության կազմից դուրս գալու հանրաքվեի գաղափարն էր: Ուստի, անընդունելի է ասելը, որ Արցախն անջատվել կամ անկախացել է Ադրբեջանից: 1991թ.-ի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը ԽՍՀՄ-ից, ինչպես դրանից երեք օր առաջ Ադրբեջանն էր որոշում ընդունել ԽՍՀՄ-ից առանձնանալու, անկախանալու մասին:
2. Վարչապետի խոսքով' «կա միջազգայնորեն հաստատված բանակցային ֆորմատ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, որի մանդատն է որոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»:
Նշեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չունի առաքելություն որոշելու Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։ Համանախագահները համաձայն իրենց մանդատի, օգնում ու աջակցում են Ղարաբաղյան հակամարտության կողմերին գտնելու հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ: Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշողն Արցախի ժողովուրդն է, այլ ոչ թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:
3. Փաշինյանը նշեց /մեջբերում եմ/. «Ղարաբաղն արդեն ունեցել է ինքնավարություն Ադրբեջանի տարածքում. ինքնավար մարզ է եղել: Եվ այս կարգավիճակը, ես այն կոչում եմ միջանկյալ կարգավիճակ, բոլորիս հասցրեց այս արյունոտ կոնֆլիկտին: Եվ ևս մեկ անգամ ընդունել այդ նույն կարգավիճակը, նշանակում է սկսել զրոյից նույն կոնֆլիկտը»:
Այս համատեքստում հարկ է պարզապես նշել, որ բանակացային սեղանին դրված փաստաթղթերում տեղ գտած «միջանկյալ կարգավիճակ» տերմինը որևէ առնչություն չունի նախկինում Արցախի՝ Ադրբեջանի կազմում ունեցած ինքնավար կարգավիճակի հետ։ Այն ենթադրում է Արցախի այնպիսի կարգավիճակ, որը որևէ կերպ ավելի ցածր չէ, քան այսօր եղած կարգավիճակը: Հետևաբար, «միջանկյալ կարգավիճակը» ԼՂԻՄ կարգավիճակի հետ նույնացնելը պարզապես աբսուրդ է…
Կարող է կոպիտ հնչել, բայց զարմանալի է, որ այս 1,5 տարվա ընթացքում Արցախն ու Հայաստանը բանակցային սեղանի շուրջ ներկայացնող անձը Արցախյան հիմնախնդրի մասին այդպես էլ լիարժեք պատկերացում չկարողացավ կազմել: Անիմաստ գրառումներ, լայվեր, սելֆիներ անելու ու տեղադրելու փոխարեն կարելի է պարզապես պատասխանատվության զգացողություն դրսևորել ու հակամարտության բանակցային պատմություն ուսումնասիրել: