ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Այսօր ներկայացրել եմ հրաժարական` հետևյալ պատճառաբանությամբ.

Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդմանս համաձայն, բարձր պաշտոնը ստանձնելուց ի վեր նախաձեռնել և առաջնորդել եմ մի շարք ծրագրեր` միտված դատարանների արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ու միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցմանը։

Համոզված եմ, որ այդ ծրագրերի գործարկումն ու իրականացումը կբարձրացնեն դատական իշխանության հանդեպ հանրային վստահությունը և կնպաստեն Հայաստանի տնտեսական մրցակցային դաշտի ու ներդրումային միջավայրի գրավչության բարելավմանը։

Ցավոք, Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես անկախ սահմանադրական մարմնի գործունեությունն այդպես էլ չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին։

 

Միաժամանակ, ես պարտավոր էի իմ կողմից իրականացվող ծրագրերը հասցնել տրամաբանական ավարտի և նպատակահարմար չէի գտնում ավելի վաղ հրաժարական ներկայացնել։

Վստահ եմ, որ դատական բարեփոխումները պետք է իրականացվեն հրատապ և արդյունավետ կարգով, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել եմ։ Մինչդեռ, իմ կողմից առաջ քաշված մի շարք գաղափարներ և ծրագրեր Խորհրդում չեն կարևորում։

Վերոհիշյալի հաշվառմամբ, այսօր Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել եմ հրաժարականի դիմում՝ հորդորելով լիազորություններիս դադարեցման հարցը քննարկել իմ բացակայությամբ»։