Ազգային ժողովում քննարկվում է տեղեկատվության ազատության ոլորտում «Էկոլոգիական տեղեկատվության մասին» նախագիծը: Քննարկմանը ներկա են շրջակա միջավայրի փորձագետներ, բնապահպանական և իրավական ոլորտների ներկայացուցիչներ:
 
Ներկայացնելով նախագիծը` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանը նշեց, որ նախագիծը դեռևս պաշտոնապես շրջանառության մեջ չի դրվել: «Կարծում եմ՝ օրենքի այս նախագիծը հանրության շրջանում էկելոգիական տեղեկատվության մասին իրազեկվածության բարձրացման խրախուսմանն է ուղղված, հետևաբար այն պետք է անցնի հանրային իրազեկվածության և խորհրդատվության շատ լայն փուլ»,- ընդգծեց պատգամավորը:
 
Մերի Գալստյանը, կարևորելով նախագծի կայացումն, ասաց, որ նախագծի հիմքում ընկած է Օրհուսի Կոնվենցիայի հիմնադրույթները և այս նախագծի մշակումը ներառված է ԵՄ-ՀՀ համաձայնագրի ճանապարհային քարտեզում:
 
Հիշեցնենք, որ նախագծի հետ կապված «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
 

«Նոր նախագիծ տեղեկատվության ազատության ոլորտում՝ «Էկոլոգիական տեղեկատվության մասին»։ Այն մշակվել է ԱԺ պատգամավորի կողմից առանց քաղաքացիական մասնագիտացած կառույցների հետ խորհրդակցելու մինչ նախագիծը պատրաստելը։ Վերնագրից սկսած այս նախագիծը խնդրահարույց է։ Նախագիծը հակասում է ՏԱ գործող օրենսդրությանը և Օրհուսի Կոնվենցիային»: