Ադրբեջանի ռազմական բյուջեի կտրուկ մեծացման խնդիրը տարբեր ասպեկտներով քննարկվեց: Ասում եմ կտրուկ, որովհետև 21%-ով ավելացումը իր մեջ էական վտանգներ է պարունակում և գալիս է գումարվում բոլոր այն ռիսկերին, որոնք այսօր էլ առկա են:
Երբ քննարկում ենք Ադրբեջանի սպառազինման ու այդ ուղղությամբ աճող գումարների հարցը ՀՀ պետբյուջեի ռազմական ծախսերի ավելացման համատեքստում, պետք է մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հանգամանք ևս հաշվի առնել:
Որո՞նք են մեր առաջնահերթությունները ռազմական բնագավառում, առանձին վերցրած՝ առաջնագծում: Սահմանվել ե՞ն դրանք կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով:
Արդյո՞ք մեր ունեցած գումարներն ու ռազմական բյուջեի ավելացումը ըստ ճիշտ առաջնահերթությունների են ուղղվում: Հարցադրմանս պատասխանների մի մասը փակ տեղեկություններ են, սակայն իմ դեպքում այս հարցադրումների պատասխանից շատ բան է կախված:
Մարտական հերթապահություն կրող սպաների աշխատավարձի բարձրացումը (այս տրամաբանության մեջ որոշակի օղակների և հաստիքների գումարն էլ պետք է համարժեք բարձրացվի) և սպայական բնակարանների կառուցմանն ուղղված ծախսերի մեծացումը, օրինակ՝ առաջնահերթություն էր:
Կան նաև այլ առաջնահերթություններ, որոնք կարճաժամկետ ժամանակահատվածի համար պետք է սահմանվեն ու դրանց արագ գումարներ ուղղվեն (սրանց մասին զերծ կմնան հրապարակային խոսելուց):
Պետք է հստակ ունենանք իրականում ի՞նչ խնդիր ենք դնում զինված ուժերի առջև, ի՞նչ առաջնահերթություններ ենք ձևակերպում, ի՞նչ ժամանակահատվածի կտրվածքով ենք իրականացնում, ի՞նչ միջոցներով ենք դրանք ապահովում և մեկ խոշոր բլոկ՝ զուգահեռ ի՞նչ գործոններ են ազդում զինված ուժերի առաջ դրված խնդիրների լուծմանը և արդյո՞ք փոխկապակցված ձևով ռեսուրս է դրվում դրանց ապահովման համար: