Երեկ տեղի ունեցած իր ուղիղ եթերի ժամանակ վարչապետը կրկին առաջ քաշեց իր նախկինում բարձրաձայնած այն թեզը, ըստ որի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի Ղարաբաղի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար:
Նախ՝ ցավալին այն է, որ ՀՀ վարչապետը, չնայած հայաստանյան վերլուծական շրջանակների կողմից հնչող բազմաթիվ նախազգուշացումներին, դեռևս չի փորձում գիտակցել, որ այդ թեզն իր մեջ բավականին վտանգավոր էլեմենտներ է պարունակում առաջին հերթին հայկական կողմի համար, մասնավորապես, երբ այն դիտարկում ենք ինքնորոշման իրավունքի իրացման տեսանկյունից:
Երկրորդ' տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին ու ձերբակալություններով զուգորդվող ներքաղաքական հարցերով տարված պատշաճ ժամանակ չի հատկացնում Ալիևի հայտարարությունները լսելուն։
Ընդամենը մեկ ամսվա ընթացքում տարբեր հարթակներից հարևան երկրի ղեկավարը, պատմության կեղծարարության քաղաքականությունը գործի դնելով, մի քանի անգամ բառացի նշեց, որ «Լեռնային Ղարաբաղը բնիկ ադրբեջանական հող է, և այս հակամարտությունը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»… Ու նման ձևակերպումից հետո, այսինքն՝ ադրբեջանական կողմի ընդունելի տարբերակը լսելուց հետո, որքանո՞վ է կոռեկտ կրկին նշելը, որ հակամարտության կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար… Այդ երկիրն իր աբսուրդի գագաթնակետին հասած պատասխանն արդեն տվել է, ու նման պարագայում ժամանակը, չէ՞, արդյոք այդ թեզից հրաժարվելու։
Բացի այդ՝ իր մեջ բավականին մեծ վտանգ է պարունակում նաև ադրբեջանանպաստ այն թեզը, որ «կարգավորման հարցում հստակ ձևակերպված և ընդունելի որոշումը կարող է ընդունվել հանրաքվեի միջոցով»: Տարիներ շարունակ Ադրբեջանն է փորձել հասնել նրան, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեղի ունենա հանրաքվեի միջոցով իր երկրի տարածքում, և եթե նախկինում արվել է ամեն հնարավորը, որ Ադրբեջանն այդ մտքից հրաժարվի, հիմա մեր իշխանությունների շնորհիվ այդ հարցը կրկին առաջ կարող է քաշվել ադբեջանական օրակարգում:
Եվ, ի վերջո, սուտ խոսելն էլ պետք է ինչ-որ սահման ունենա…
Այն դեպքում, երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշում է, որ Ղարաբաղի կարգավորման շուրջ ստեղծված քաղաքական գործընթացն արգելակված է, և դեռևս չի հաջողվում առաջ գնալ այս ուղղությամբ, իսկ մեր արտգործնախարարն ակնարկում է բանակցային սեղանի շուրջ Հայաստանի վրա ինչ-որ ճնշումների առկայության մասին, վարչապետը նշում է, որ բանակցային գործընթացում բավականին հետաքրքիր դինամիկա կա, ու հույս ունի, որ այդ դինամիկան շարունակելի կլինի...