«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սադրանքից հեռու մնացե՛ք
5-րդ շարասյունը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է կեղծ օրակարգեր պարտադրել, պառակտել ժողովրդին և հեռացնել նրան իրական օրակարգերից՝ ինքնիշխանություն, Արցախի միացում, տարածաշրջանային լարումներին և հավանական սպառնալիքներին դիմակայություն, ի վերջո՝ ազգային պետության կայացում։
5-րդ շարասյան մոգոնած հիմնական «օրակարգերից» մեկը այսպես կոչված Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարն է։
Կոնվենցիայի վերաբերյալ մեր տեսակետը հայտնի է։ Մեր համոզմամբ՝ այդ փաստաթուղթում կան խնդրահարույց դրույթներ, ուստի դրա հարցը պետք է լուծվի հանրային և մասնագիտական համապարփակ քննարկման արդյունքների հիման վրա և դրանցով ձևավորվող հանրային կարծիքի հաշվառմամբ։
Սակայն այդ փաստաթուղթը չէ, որ սպառնում է մեր գոյությանն ու ապագային։ Մեր գոյության ու ապագայի դեմ ուղղված առաջնային սպառնալիքը հենց 5-րդ շարասյունն է և նրա ազգադավ գործունեությունը։
Մեր բոլոր աջակիցներին ու համակիրներին, բոլոր քաղաքացիներին հորդորում ենք լինել զգոն և չխաբվել հակառակորդի՝ հրեշտակի տեսքով հանդես եկող այդ սատանայի, խոսքին ու գործողություններին։
Մի ՛ մտահոգվեք, թե ինչ որ փաստաթղթեր կարող են չորացնել մեր արմատը և մարտահրավեր դառնալ մեր գոյության համար։
Մեր արմատին և գոյությանը միայն մեկ բան կարող է վնասել՝ մեր աննպատակ և անմիաբան վիճակը։
Հեռու մնացե՛ք սադրանքից և ջուր մի՛ լցրեք հակառակորդի ջրաղացին»: