ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում  ներկայացրել է իր «Բանտային օրագիր» հոդվածաշարից մի հատված.

«Կալանավորների զբոսանքը

Որպես կալանավոր իմ առաջին զբոսանքը երջանկացրեց ինձ, որովհետև «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի՝ կալանավորների զբոսանքի համար նախատեսված տարածք մուտք գործելուն պես՝ ինձ զգացի Վան Գոգի «Կալանավորների զբոսանքը» կտավի հերոսի դերում։

Այդ կտավը պատկերում է հենց այսպիսի մի բանտային տարածք, որտեղ 10-15 կալանավորներ, միակերպ զոլավոր հագուստով քայլում են իրար ետևից՝ շրջան կազմած։ Նրանցից միայն մեկի դեմքն է երևում, և դա հենց Վինսենթ վան Գոգի դեմքն է։

«Երևան Կենտրոն» ՔԿՀ զբոսանքի վայրում փորձում էի քայլել Վան Գոգի կտավի վրա պատկերված շրջագծով, հավատում էի, որ Վան Գոգը նաև ինձ է պատկերել իր գլուխգործոցի մեջ։

 

Ծոծրակիս զգում էի Վան Գոգի վրձնի ջերմությունը, պատկերացնում էի, թե ինչպես եմ դուրս գալիս նրա վրձնի տակից, տեսնում էի, թե ինչպես է նա ինձ նկարում իր զբոսնող կալանավորների շարքում։

Ես իսկապես երջանիկ էի, երջանիկ եմ, որ ամեն օր հնարավորություն ունեմ շրջագծով քայլել դժբախտ հանճարի գլուխգործոցի մեջ, երջանիկ եմ, որ մաս եմ գլուխգործոցի և ամեն օր մեկ ժամ ապրում եմ Վան Գոգի հետ՝ նույն շրջագծում։

«Բանտային օրագիր»
9-ը հուլիսի, 2009թ., «Երևան-Կենտրոն» ՔԿՀ»