ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով ՃՈ հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է վրաերթի ենթարկված երեխայի մոր փաստաբանը՝ Տիգրան Աթանեսյանը։
«Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության, երեխայի առողջությանը վրաերթի հետևանքով պատճառվել է միջին ծանրության վնաս»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթը տեղի է ունեցել սեպտեմբերի 12–ին Կիևյան 4 հասցեում գտնվող բակերից մեկում։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ մայրը երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, ուր այցելել է նաեւ Դավիթ Սանասարյանը և տեղում պայմանավորվածություն ձեռք բերել բժիշկների հետ, որպեսզի դեպքի մասին չհայտնեն ոստիկանությանը, այսինքն՝ չգրանցվի որպես վրաերթ, այլ որպես բակում խաղալու ընթացքում ստացած վնասվածք:
Դավիթ Սանասարյանը նախ հերքել է իր մասնակցությունը վրաերթին՝ այն անվանելով «հերթական շառը», սակայն այն բանից հետո, երբ Analitik.am-ը հրապարակեց տեսանյութ, որտեղ 9–ամյա երեխան և նրա մայրը մանրամասներ են հայտնում դեպքի մասին, Սանասարյանն ըստ էության չթաքցրեց, որ կապ է ունեցել կատարվածի հետ։
Ըստ Սանասարյանի՝ երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռչելուց դիպչել է իր մեքենային և ընկել գետնին։ Նա նաև նշել է, որ մարդասիրությունից դրդված հետաքրքրվել է երեխայի առողջությունով, նրանց հետ երկու անգամ գնացել ԲԿ:
«Տեղեկացնում եմ, որ դրանից երկու օր անց, այդ կինը (երեխայի մայր) ինձանից 300.000 դրամ փող էր պահանջում, և սպառնում, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի, որ իր երեխային վրաերթի եմ ենթարկել, այն ժամանակ, երբ ինձանից լսեց, որ ոչ մի գումար էլ չեմ տալու, ասեց, որ լրատվամիջոցներին տեղեկացնելու է»,- գրել է Սանասարյանը:
Նախկին պաշտոնյան հայտարարել է, որ հաղորդում է ներկայացնելու հանցագործության վերաբերյալ՝ շորթման հոդվածով։