Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն մարդկանց սկսել են բաժանել նաև ըստ «ահաբեկիչ» բնորոշման, և ամեն մեկն ըստ իր նախընտրելի «ահաբեկիչներին» է վստահում կամ չի վստահում:

Ուրեմն պետք է հիշել:

Յուրաքանչյուր ոք, անկախ նրա որևէ անհատական հատկանիշից, նրա որևէ առանձնահատկությունից՝ դատապարտված լինելուց, կամ պատիժը կրած լինելուց, թե պատիժը կրելու ընթացքում, անկախ նրա կողմից կատարած հանցանքի տեսակից ու բնույթից, որի վերաբերյալ կա դատարանի կողմից օրինական ընդունված և ուժի մեջ մտած վճիռ, անկախ նրա սեռից, կրոնական, քաղաքական հայացքներից և պատկերացումներից, կրթությունից, և այլն ունի մարդու բոլոր հիմնարար իրավունքները (ազատազրկվածների համար սահմանափակված է ազատ տեղաշարժի իրավունքը):

Մարդու հիմնարար իրավունքների մեջ է մտնում յուրաքանչյուրի լսված լինելու, իր կարծիքն արտահայտելու իրավունքը:

Ու եթե որևէ մեկի մտքով անցնում է դատապարտված մարդու կարծիքի, հաղորդած տեղեկության վերաբերյալ վերաբերմունքը ձևավորել միմիայն նրա դատապարտված լինելու կամ նրա կողմից կատարած հանցագործության բնույթից, ըստ իր նախապատվությունների կամ իր շահերի, տարատեսակ պիտակավորումներով, ապա դա ևս իր իրավունքն է, որի բովանդակությունը որոշվում է իր կրթվածության և բարոյականության մակարդակով, բայց և չի կարող պարտադրել բոլորին, հասարակությանը իր իր վերաբերմունքը:

Նաև յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը կազմելու իրավունքը ըստ տարածված տեղեկությունների, այդ թվում ջոկելու, ընտրելու, թե որն է կեղծը, որն է ճշմարիտը, ու հաստատ ինչքան թիրախավորեք, պիտակավորեք որևէ կարծիք ըստ Ձեր նախասիրությունների, նախապատվությունների կամ նեղ անձնական կամ խմբային շահերի, հաստատ դրանով որևէ արդյունքի չեք հասնելու:

Ամեն ինչ հա՛մ տեսել ենք, հա՛մ լսել ենք, հա՛մ էլ կարողանում ենք հասկանալ:

Իսկ եթե անհանգստանում եք հասարակության, քաղաքացիների կողմից Ձեր ասածների հիման վրա կամ նկատմամբ կազմած կարծիքներից, համոզմունքներից, դե արդեն դրանում հասարակությունը ո՛չ մեղավոր է, ո՛չ մեղավոր է եղել, ոչ էլ մեղավոր է լինելու:

Հա մեկ էլ մի բան ևս:

Կարելի մարդկանց խաբել մեկ անգամ, կարելի է խաբել երկու, երեք անգամ, բայց անընդհատ խաբել դեռևս ոչ մեկի չի հաջողվել, նաև չոր աթարը պատին չի կպչի:

Չհասկացվե՞ց, ուրեմն նորից ենք կարդում՝ սկզբից»: