Լիլիա Ամիրխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Ի՞նչ կարևոր հարցի մասին նրբորեն մոռացության մատնվեց այս օրերի իրարանցման արդյունքում, ինչի մասին դեռ երկու ամիս առաջ խոսում էին բացառապես բոլորը:

Քչերը նկատեցին, որ մեկ շաբաթ առաջ' հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչական դատարանը բավարարեց «Լիդիան Արմենիա» ընկերության հայցը և անվավեր ճանաչեց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ «Որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» 2018թ. օգոստոսի 27-ի թիվ 30-Ա որոշումը:

Փաստորեն ընկերության վրայից հանվել է հանքի տարածքում որոշակի գործողություններ կատարելու արգելքը: Եվս մեկ նախադրյալ, առավել քան վստահ լինելու, որ հանքը կշահագործվի: Հանքի շահագործման ողջ էպոպեայից մենք դեռ երկար կհիշենք բյուջեից, փաստորեն լրիվ անիմաստ տրամադրված 400 հազար դոլար գումարը, գումարած հարվածը երկրի ներդրումային գրավչությանը: Բայց այստեղ նորություն չունենք:

Շատ ավելի հետաքրքիր է այն, թե ինչ է կատարվել հարցի շուրջ համընդհանուր անհանգստության վերջին ալիքից մինչ օրս: Բանն այն է, որ դատարանի կողմից մերժված թիվ 30-Ա որոշումն ընդունվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի օրոք, ով, սույն ինֆորմացիայի հրապարակումից հետո հանդես է եկել մեկնաբանությամբ' նշելով, որ դատարանն այս որոշմանը հանգել է բացառապես հայցվող կողմի' Լիդիանի ներկայացրած ապացույցների հիման վրա: Չի եղել ապացույցի ներկայացում մյուս կողմից' տեսչական մարմնից: Ավելին, Արթուր Գրիգորյանը պնդում է, որ դատական նիստերին տեսչական մարմնի ոչ մի ներկայացուցիչ չի եղել: Այսինքն, և' բնապահպանության նախարարությունը, և' տեսչական մարմինը շահագրգռված են եղել, որ Լիդիանը հաղթի:

Հիմա ոնց չասես, որ ինչ ուզել, խփել են»: