Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Երևանի և Բաքվի բանակցություններում շարժ նկատվում է, սակայն ինքը «մի փոքր հիասթափված է» հայկական կողմի հետ բանակցությունների վերջին փուլից: Վերջինս նաև նկատել է, որ պետք է նստել և առարկայորեն վարել բանակցություններ Երևանի հետ այն փաստաթղթի շուրջ, որն այսօր գտնվում է սեղանին:
Մամեդյարովի այս հայտարարությունից կարող ենք եզրակացնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացն ընթացքի մեջ է, սակայն հարցն այն է, թե ինչո՞ւ հայկական կողմը չի կարողանում հասնել նրան, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան: Սրան գումարվում է նաև մյուս հարցը, թե կոնկրետ ի՞նչ փաստաթուղթ է այսօր դրված բանակցությունների սեղանին, որի մասին խոսում է Ադրբեջանի արտգործնախարարը: