«Ռոբասերժական» համակարգը ապահովում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական գոյությունը։
Հերոսի կամ փրկիչի կերպարի ձևավորման համար պարտադիր պայման է հակահերոսի կամ հրեշի գոյությունը։ Ընդ որում, հակահերոսը միշտ ձևավորվում է շատ ավելի շուտ, քան հայտնվում է հերոսը, որը պետք է փրկի մարդկանց այդ հրեշից։
Հիմա փորձենք այս ֆորմուլան տեղավորել մեր այսօրվա իրականության մեջ։
Նիկոլ Փաշինյանը, հասարակության մի շերտի մոտ, ընկալվում է որպես հերոս, փրկիչ, որը ձևավորվել է հակահերոսի՝ «ռոբասերժական» համակարգի դեմ։ Տարիներ շարունակ քննադատելով, պիտակավորելով, և վերջապես հաղթելով այդ համակարգը, նա ստացավ հերոսի և փրկիչի կերպար։
Սակայն պետք է հիշել մեկ հույժ կարևոր մի հանգամանք. հերոսը դադարում է լինել հերոս, եթե վերանում է հակահերոսը, հետևաբար հերոսի ամենակարևոր խնդիրն է մշտապես կենդանի պահել հակահերոսի կերպարը՝ դրանով իսկ ընդգծելով իր՝ որպես հերոսի կամ փրկիչի, նշանակությունն ու կարևորությունը։
Անհրաժեշտ է մշտապես ակտուալ պահել հակահերոսի վերակենդանացման ու վերադարձի հավանականությունը և իրեն ներկայացնել որպես դա արգելափակող միակ սուբյեկտ։
Սա գոյաբանական նշանակություն ու կարևորություն է ձեռք բերում հերոսի համար, եթե այդ հերոսը, բացի հակահերոսի դեմ պայքարից, որևէ այլ բանի, մասնավորապես, ստեղծելու, արարելու, կառուցելու ունակ չէ։
Այս մեկ և կես տարվա ընթացքում հասարակության ռացիոնալ մտածողություն ունեցող շերտի մոտ ծագում էին հարցեր, թե ինչու՞ է Փաշինյանը մշտապես օրակարգում պահում մերժված, ձախողված, քաղաքական համակարգից դուրս թողնված մարդկանց ու ուժերին։ Չէ՞ որ խնդիրն այլևս լուծված էր, հակահերոսը ոչնչացված, իշխանությունն ամբողջովին վերցված։ Մնում էր կյանքի կոչել երկու տասնամյակ հնչեցված ծրագրերն ու լուծել կուտակված խնդիրները։
Վերը նշված հերոսի ու հակահերոսի կոնցեպտը հաշվի առնելու դեպքում ամեն ինչ պարզ է դառնում, իսկ եթե սրան գումարենք նաև այն փաստը, որ Փաշինյանը ոչ մի ծրագիր երբևէ չի ունեցել, ապա ամեն ինչ ընկնում է իր տեղը։
Պետք է օրակարգում տաք պահել հակահերոսի կերպարը, նրան ներքաշել պայքարի մեջ, ստեղծել ռևանշի պատրանք և մտնել կամուֆլյաժով և «դուխով» կեպկայի, նույնն է թե հերոսի ու փրկիչի կերպարի մեջ։
Այսպիսով կարելի է փաստել, որ նախկին իշխանությունները հանդիսանում են Նիկոլ Փաշինյանի գոյության իմաստը, էներգիայի ու ոգեշնչման աղբյուրը, սնուցող խողովակն ու կենարար ուժը։
Նա կյանք չունի առանց նախկին իշխանությունների, քանի որ եթե քաղաքական ասպարեզից դուրս գան նախկին իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը, որպես հերոս ու փրկիչ, կդադարի գոյություն ունենալ քաղաքական ասպարեզում։
Հ.Գ. Ասվածը կարելի է հիմնավորել երկու տասնյակից ավել փաստերով, սակայն գրառումը չծանրաբեռնելու և ընթերցողին ինքնուրույն մտածելու հնարավորություն տալու նպատակով դրանք չեմ ներկայացնի։