«ՍԴ-ում ճգնաժամ միշտ ենք ասել, որ չենք տեսնում: Վահե Գրիգորյանի բոլոր փաստարկները դարձել են առ ոչինչ: Նրա փաստարկը, որ անդամ են, դատավոր չեն․․․ դիմումը, որը պատրաստել է «Իմ քայլը», վերաբերում է դատավորին: Այսինքն՝ նրանք ճանաչում են, որ Հրայր Թովմասյանը դատավոր է»,-այսօր Ազատություն ռ/կ- եթերում ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա նաև նշեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշմանը իրենց խմբակցության միանալը չի նշանակում, որ իրենք պաշտպանում են իշխանությանը:
«Մենք պաշտպանում ենք գործընթացը, որը զուտ սահմանադրական գործընթաց է, իրավական գործընթաց է: Բոլոր այն գործընթացները, որոնք մեր կարծիքով իրավունքի գերակայության և Սահմանադրության չափանիշներից դուրս են եղել, մենք քննադատել ենք և դրան դեմ ենք գնացել՝ սկսած դատարանները շրջափակելուց մինչև դատարանի նախագահի ինքնահռչակվելու և այդ բոլոր բաները: Այս գործընթացը սահմանադրական պրոցես է, խմբակցության իրավունք է: Այո, մենք տեսնում ենք, որ բերված փաստարկների համադրությունը կարող է բերել նրան, որ համարվի էական կարգապահական խախտում արդեն դատավորների կողմից: Դրա համար մենք կողմ ենք քվեարկել: Եվ ես հույս ունեմ, որ Սահմանադրական դատարանում փակ գաղտնի քվեարկության այս խնդիրը կլուծվի, և խորհրդարանի դիմումը կբավարարվի»,-ընդգծեց Մարուքյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: