4 Peaks Alpine Club-ը մանկապատանեկան լեռնային ակումերեխաների հետ արշավ է կազմակերպել դեպի Ամուլսար: Այս մասին տեղեկանում ենք մանկապատանեկան լեռնային ակումի ֆեյսբուքյան էջից:

«Մեր լեռնային վերելքները և բնության հանդեպ հոգածությունը բերեցին այն կետին, որ որոշեցինք բարձրանալ Ամուլսար լեռը։ Այս վերելքի նպատակը ոչ միայն գագաթի բարձրությունը հաղթահարելն էր, այլ՝ այս կերպ մեր խոսքը հասցնելը, որ մենք ցանկանում են սարը սար մնա։ Վերելքը պլանավորել էինք սեպտեմբերի 30-ին և այն իրագործեցինք հոկտեմբերի 6-ին։ 23 լեռնասեր երեխաներով և 7 չափահաս անձանց թիմով ճամփա ընկանք։ Սկսեցինք քայլել Սյունիքի դարպասներից։ Ճիշտ է 2500մ բարձրությունից սկսած քամի կար, բայց այն մեզ չխանգարեց։ Աշունն արդեն ոսկեզօծել է լեռները և մենք բնական ոսկու գեղեցկությամբ, որն առավել անգին է, բարձրանում էինք լեռը։ Բարձրության հետ ուրվագծվում էին շրջակա լեռները՝ իրենց ակոսներով, թեք լանջերով, ամպի ստվերներով ստիպելով կանգ առնել և լուսանկարել։ Դեռ լեռան ստորոտին երեխաների հետ խոսեցինք լեռան շուրջ ստեղծված խնդրից, քանի որ բնապահպանությունը մեր առաջնային խնդիրն է և դասերի, աղբահավաքների միջոցով միշտ էլ փորձում ենք ուշադրության տակ պահել բնապահպանական խնդիրները։ Խոսելուց բացի լսեցինք նաև երեխաների կարծիքը, որին հետագայում կանդրադառնանք տեսանյութի միջոցով։ Երբ թեք լանջերը հաղթահարեցինք և հասանք 2950մ բարձրության, այդ մասից միայն տեսանք գագաթը։ Այն իրենից ներկայացնում էր քարքարոտ զանգված, որի բարձր կետում դրված է եռոտանի։ Ցավոք, երբ նայում էինք գեղեցիկ գագաթին, այն խաթարվում էր հետևի ֆոնին երևացող հանքի արդյունքում արդեն փոփոխված «բնությամբ»՝ հողային զանգվածներ, աշխատանքներ կատարելու համար սարքված ճանապարհներ, շատ հեռվում՝ մետաղական տնակներ…

Սակայն գագաթն ավելի զորեղ էր, և մենք հասանք մեր նպատակին՝ Ամուլսար սարին (2988մ)։

Տաս րոպե չանցած մեզ մոտեցան անվտանգության աշխատակիցներ, հորդորեցին ցած իջնել, հեռախոսազանգով կապի դուրս եկած անձը նույնիսկ հորդորեց չնկարվել, քանի որ համոզված էր, որ համացանցում կհայտնվեն նկարները։ Մեզ ասում էին, որ արգելված գոտում ենք, և շատ այլ բաներ ասացին, որին այստեղ չենք անդրադառնա։ Բայց ուզում ենք նշել, որ երբ աշխատակիցներին և զանգահարողին խնդրեցինք նշել արգելված գոտու սահմանը, քանի որ մեր վերելքի ընթացքում ոչ ցուցանակ, և ոչ էլ ցանկապատի չենք հանդիպել, իրենք անգամ չկարողացան նշել սահմանները։ Եվ իհարկե, մենք նկարվեցինք գագաթին, Ամուլսարը սար գոչեցինք և հետո միայն սկսեցինք հետ վերադառնալ։ Իսկ մեզ ներքևում սպասում էին երկու ոստիկան, որոնց հետ բացատրական աշխատանքներից հետո վերադարձանք Երևան՝ գոհ, երջանիկ և լիահույս, որ Ամուլսարը սար է մնալու։ Եվ իհարկե պետք է նշել «անվտանգության» աշխատակիցների զարմանքն ու գործելու անկարողությունը, երբ գագաթին հայտնաբերիցին երեխաների, նույնը նաև ոստիկանների մոտ էր։

Շնորհակալություն երեխաներին և ծնողներին, որ այսքան լավն են ու հոգատար, ինչպես բնության, այնպես էլ ակումբի անձնակազմի նկատմամբ»,- գրված է էջում: