Նիկոլ Փաշինյանի կողմից ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթին ի պատասխան, ադրբեջանական կողմը, որպես միջզգային իրավունքի և արցախյան հակամարտության կարգավորման պատմաիրավական «աղբյուր» ու «փաստարկ», ի թիվս մեզ վաղուց քաջածանոթ թեզերի, շրջանառության մեջ դրեց նաև «uti possidetis» եզրը: Այն, որքան հիշում եմ, նոր «հղում» է բարձր մակարդակով քննարկումներում ու բանակցություններում: Չեմ անդրադառնում կիրառված այդ եզրույթին, դրա հնարավոր մեկնաբանությանն ու կիրառությանը մեր հակամարտության պարագայում. թող դա անեն միջազգային իրավունքի մասնագետները: Միայն ասեմ, որ այդ վարժությունը, ինչպես նաև հղումը «Կովբյուրոյի 1921 թ. հուլիսի 5-ի որոշմանը» ուղիղ հետևանքն էր Նիկոլի կողմից սեպտեմբերի 2-ին թույլ տրված չմտածված ու անզգույշ արտահայտության, թե «Արցախն իր անկախությունը ձեռք է բերել Սովետական Ադրբեջանից»:
Ես սպասում էի, որ վարչապետի աշխատակազմը(ֆեյքերի հայհոյախոսական ֆաբրիկան գործարկելուն զուգահեռ) և ԱԺ-ն (Հրայր Թովմասյանի դեմ կազմակերպված ինքնակործան քաղաքական արշավին զուգահեռ) հանդես կգար արձագանքով' բացատրությամբ, թե ինչու չի կարելի հղում կատարել Ստալինի ճնշմամբ ընդունված կուսակցական այդ որոշմանը, որպես հակամարտության կարգավորման պատմաիրավական փաստարկ և ինչպիսի մեկնաբանություն ու կիրառություն կարող է ունենալ «uti possidetis» նորմը արցախյան հակամարտության պարագայում: Երկու պարագայում էլ ասելիք շատ կա' ի շահ հայկական կողմերի բանակցային դիրքերի ամրացման:
Բայց տղեքը զբաղված են էն ամենով, ինչն իրենց «խելքի բանն» է' ներքին թշնամության, ատելության ու անհանդուրժողականության սնուցմամբ' չգիտակցելով, որ պատմության ընթացքում դեռ ոչ ոքի չի հաջողվել ճիշտ կանխազգալ, թե նման մթնոլորտում ովքեր են դառնում այդ ատելության զոհերը և ինչ գին է այն, սովորաբար, ունենում պետականությունների ապագայի տեսանկյունից: